|
  • Русский
  • English

Տուռնիկետային համախտանիշը երեխաների մոտ. վտանգներից մինչև բուժում

Տուռնիկետային համախտանիշը օրգանի կամ մարմնի ինչ-որ հատվածի շրջանաձև սեղմումն է, որի արդյունքում կարող են առաջանալ անոթանյարդային խանգարումներ, մեռուկացում և նույնիսկ գանգրենա: Չնայած բնորոշ կլինիկական նշաններին, ախտորոշումը միշտ չի որ դրվում է ժամանակին և սպառնում է բազմաթիվ ծանր հետևանքներով:

Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Արարատ Նազանյանը նշում է, որ երեխաների մոտ տեղակայումը լինում է զանազան (ձեռնաթաթի և ոտնաթաթի մատներ, դաստակ, փափուկ քիմքի լեզվակ, լեզու, ականջի բլթակ, պարանոց, առնանդամ, ամորձապարկ, ծլիկ, սեռական շրթեր, պտուկներ և այլն):

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայում բուժվել են տարբեր տեղակայման տուռնիկետային համախտանիշով 5 երեխա, որոնցից վերջինն ընդամենը մի քանի օր առաջ:

Կլինիկական դեպքերը նկարագրելով` բժիշկը փաստում է, որ առաջին երեխան եղել է 3 ամսական: Ծնողները դիմել են տեղամասային պոլիկլինիկա, որտեղ ախտորոշվել է աջ ձեռնաթաթի 3-րդ մատի միջային ֆալանգի ամնիոտիկ ձգան: Կլինիկական հետազոտության և անամնեզի տվյալներից հետո պարզ դարձավ, որ երեխան ծնվելու ժամանակ որևէ խնդիր չի ունեցել այդ հատվածում, և միայն 2 ամիս անց նկատվել է միջային և եղնգային ֆալանգների այտուց և կարմրություն: Հետազոտության ժամանակ սեղման ճեղքից հայտնաբերվել և հեռացվել է մարդու մազ, որը մոտ 3 պտույտ փաթաթված է եղել: Սեղման ճեղքի խորը լինելու պատճառով մեկ օր հետո ընդհանուր անզգայացման տակ կատարվել է մաշկի շրջանաձև ճեղքի փակում հանդիպակաց եռանկյունիների եղանակով:

Երկրորդ դեպքը եղել է 1,5 ամսական տղա երեխայի մոտ: Դիմել են կլինիկա անհանգստության, 1-ին մատի կարմրության, այտուցվածության և ցավերի համար (նկ.1):

Նկ.1. Ձախ ձեռնաթաթի 1-ին մատի տուռնիկետային համախտանիշ, եղնգային ֆալանգի արյունամատակարարման խանգարումով (պատճառը՝ մարդու մազ).

Մարմնի ջերմաստիճանը եղել է նորմայի սահմանում: Կլինիկական հետազոտությամբ հայտնաբերվել է ձախ ձեռնաթաթի 1-ին մատի կարմրություն, այտուց և եղնգային ֆալանգի ինֆիլտրացիա: Այդ հատվածում առկա էր մաշկի ցիանոզ: Եղնգային ֆալանգի միջային հատվածում առկա էր սեղմման ճեղք՝ մաշկի ամբողջականության խախտմամբ: Դրվել է նախնական ախտորոշում՝ 1-ին մատի ամնիոտիկ ձգան մատի իշեմիկ փոփոխություններով: Խոշորացույցով զննման ժամանակ վերքի խորքում հայտնաբերվել է մազի ծայր, որը մոտ 5 անգամ փաթաթված էր մատի շուրջը: Մկրատի և ունելիի օգնությամբ մազը հեռացվել է, վերքը մշակվել է և վրան դրվել քսուքային վիրակապ: Լրացուցիչ վիրահատական միջամտության կարիք չի առաջացել: Վերքը լավացել է 10 օրվա ընթացքում: Հեռացված նյութը ուղարկվել է հյուսվածաբանական հետազոտության, որը հաստատել է բժիշկների կողմից ենթադրվածը, որ այն հանդիսանում է մարդու մազ:

Երրորդ դեպքը գրանցվել է 6 տարեկան տղա երեխայի մոտ: Դիմել են կլինիկա ձախ ոտնաթաթի 4-րդ մատի այտուցի, կարմրության և ցավերի համար (նկ.2):

Նկ.2. Ձախ ոտնաթաթի 4-րդ մատի միջային ֆալանգի տուռնիկետային համախտանիշ (պատճառը՝մարդու մազ)

Կլինիկական տվյալներից ելնելով դրվել է ախտորոշում՝ ձախ ոտնաթաթի 4-րդ մատի միջային ֆալանգի տուռնիկետային համախտանիշ: Տեղային անզգայացման տակ կատարվել է մազի հեռացում, որը մոտ 2 պտույտ փաթաթված էր մատին: Հեռացնելուց հետո փաթաթված մասում առկա էր ակոս՝ մաշկի ամբողջականության խախտումով: Այս դեպքում ևս կարիք չի առաջացել կատարել մաշկի պլաստիկա հանդիպակաց եռանկյունիների եղանակով: Մաշկի ամբողջականությունը և արյունալեցունությունը վերականգնվել է 8 օրվա ընթացքում:

Մի շարք հեղինակներ տուռնիկետային համախտանիշի առաջացումը երեխաների մոտ կապում են մայրերի մոտ հետծննդաբերական մազաթափության հետ, որի գագաթնակետը լինում է առաջին 4 ամիսներին: Այդ ժամանակահատվածում մոր և նորածնի շփումը առավելագույնն է: Առկա են դեպքեր, երբ մայրը տարել է քիմիոթերապիա, որի կապակցությամբ նկատվել է մազաթափության շատացում: Տուռնիկետային համախտանիշի առաջացմանը կարող են նպաստել մանկական ձեռնոցների, գուլպաների հաճախակի լվանալը, որի ժամանակ թուլանում է կտորների ամրությունը և առաջանում են թելիկների դուրս բերում: Սպիտակեղենի և շորերի հետ նույն լվացքում երեխայի շորերը լվանալուց առաջանում է ծնողների կամ հարազատների մազերի հայտնվելու վտանգ: Վերջին տարիներին մասնագետները խորհուրդ են տալիս, որ ամեն տեսակի և տեղակայման տուռնիկետային համախտանիշը դիտարկել որպես երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի  փաստ, եթե պատահական առաջացման ապացույցներ առկա չեն:

Ամփոփելով վերոնշյալը Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի մասնագետները խորհուրդ են տալիս  բոլոր այն դեպքերում, երբ առկա են վերջույթների, մատների ֆալանգների, կամ այլ տեղակայման կարմրություն, այտուց, ցիանոզ և ցավեր, հարկավոր է ցուցաբերել զգոնություն, հնարավոր տուռնիկետային համախտանիշի առկայության վաղ ախտորոշման և բուժման նպատակով: Նորածնային հասակում անհրաժեշտ է անցկացնել տարբերակիչ ախտորոշում ամնիոտիկ ձգաններից, որոնք ավելի հաճախ հանդիպող են, քան տուռնիկետային համախտանիշը:

Նկ.1. Ձախ ձառնաթաթի 1-ին մատի տուռնիկետային համախտանիշ, եղնգային ֆալանգի արյունամատակարարման խանգարումով (պատճառը՝ մարդու մազ).

Նկ.2. Ձախ ոտնաթաթի 4-րդ մատի միջային ֆալանգի տուռնիկետային համախտանիշ (պատճառը՝մարդու մազ)

ԵՊԲՀ դասախոսի փոխանցմամբ` մեծահասակների մոտ շրջանաձև ճնշման ենթարկվում են հիմնականում ձեռնաթաթի մատները (մարմնի այլ հատվածներ հանդիպում են միայն ուղեղային հետամնացությամբ և հոգեկան խանգարումներով տառապող մարդկանց մոտ):

Տուռնիկետային համախտանիշի հանդիպման իրական հաճախականությունը անհայտ է: Ըստ P. Miller և  J. H. Levi-ի տվյալների Կոլումբուսի մանկական կլինիկական հիվանդանոց դիմած 48000 երեխաներից 3-4-ի մոտ է արձանագրվելտարբեր տեղակայման տուռնիկետային համախտանիշ:

Տուռնիկետային համախտանիշ կարող են առաջացնել մազերը, մատանիները, տարբեր նյութերից պատրաստված թելերը, փայլփլուկներ, ռեզինները և այլն: Երեխաների մոտ հաճախ պատճառ են հանդիսանում մազերը և թելերը (դեպքերի մոտ 80%), իսկ մեծահասակների մոտ՝ մատանիները: Արձանագրված են դեպքեր, երբ սեղմումը տևել է ամիսներ և նույնիսկ տարիներ: Մարդու մազը իդեալական է համախտանիշի զարգացման համար. այն պինդ է, բարակ , ունակ է ձգման, երբ խոնավ է և կրճատման՝ երբ չոր է:

Ախտորոշումը իրականացվում է կլինիկական արտահայտման կամ բարդությունների ժամանակ: Այդ դեպքում փափուկ հյուսվածքային այտուցը հիշեցնում է բորբոքային գործընթաց, կամ մատնաշունչ: Նկատվում է նմանություն մատների ինքնաբուխ անդամազերծման (dactylolisis spontanea) կլինիկական արտահայտմանը, որը հանդիպում է Աֆրիկայի մի շարք երկրներում: Հետազոտման ժամանակ անհրաժեշտ է վնասված հատվածի մանրակրկիտ հետազոտում խոշորացույցով՝ սեղմման ճեղքի հայտնաբերման նպատակով, որը մազի խորը սեղղման ժամանակ միշտ չի որ հեշտությամբ կարելի է հայտնաբերել, առավելապես այն դեպքում, երբ սեղման օղակի վրա սկսում է առաջանալ էպիթելային ռեգեներացիա: Այն դեպքում, երբ հնարավոր չէ հեռացնել մազը, այն անհրաժեշտ է ուղղակի հատել: Այն դեպքում, երբ անհնար է վերացնել սեղմումը և մազի հեռացումը, նպատակահարմար է կատարել երկայնակի կտրվածք ինֆիլտրացված հյուսվածքների սեղման տեղում մինչև ոսկր, որն երաշխավորում է սեղման համախտանիշի վերացում և ծանր բարդությունների կանխարգելում:

 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել