|
  • Русский
  • English

Խաղաթերապիայի կաբինետ

Խաղաթերապիայի կաբինետ

Խաղաթերապիայի կաբինետ

Կաբինետը հիմնադրվել է կրթական ծրագրեր իրականացնող միջազգային շվեդական բարեգործական կազմակերպության կողմից` 2004 թվականին։

Հանրապետությունում գործող միակ խաղաթերապիայի կաբինետի նպատակն է ստեղծել ջերմ և անկաշկանդ մթնոլորտ` հիվանդ երեխաների բուժման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:

Խաղաթերապիայի կաբինետը, որը հյուրընկալում է հիվանդանոցի քիմիաթերապիայի, էնդոկրինիլոգիայի և մանկաբուժական կլինիկաներում երկարատև բուժում ստացող երեխաներին, փորձում է երեխաներին որոշ չափով շեղել հիվանդանոցային ճնշող միջավայրից իրենց բուժման ընթացքում: Այս կաբինետում իրագործվում է հանրապետությունում նախադեպը չունեցող մեթոդ. կաբինետի աշխատանքներում ընդգրկված է ծաղրածուի ծառայությունը, ով երեխաների հետ միասին մասնակցում է բոլոր բուժական միջամտություններին, օգնում նրանց հաղթահարելու վախն ու դժվարությունները: Հատկանշական է այն փաստը, որ նման մեթոդը իր նախադեպը չի ունեցել և առաջին անգամ կիրառվել է այս բուժհաստատությունում:

Խաղը կենսական նշանակություն ունի երեխայի հոգեկան զարգացման համար: Երեխաների համար այն մեծերի աշխարհի հետ շփման, նրանում սեփական մասնակցություն ունենալու միջոց է: Խաղաթերապիայի կաբինետն օգնում է երեխաներին հիվանդանոցային պայմաններում ևս ապրել նույն կյանքով, ինչ առողջ ժամանակ` խաղալ, շփվել, կատարել տնային առաջադրանքներ: Երբեմն հիվանդ երեխան խաղալու համար օգնության կարիք է ունենում, կամ նրա խաղը կազմակերպվում է անկողնում: Պատահում է` հիվանդ երեխան ուժ չի ունենում խաղալու։ Այդ դեպքում նա մասնակից է դարձվում ուրիշների խաղին: Շատ երեխաներ կարիք ունեն որոշակի թեմատիկ խաղերի` կախված հիվանդանոցային պայմաններում իրենց ունեցած տպավորություններից: Դեռահասները սիրում են լինել իրենց հասակակիցների հետ, զբաղվել երաժշտությամբ, ակտիվ խաղերով կամ էլ ըստ ցանկության` առանձնանալ:

Խաղաթերապիայով լավագույն արդյունքի հասնելու գրավականը բուժանձնակազմի հետ սերտ համագործակցությունն է: Մասնագիտական բուժումը և հարմարավետ միջավայրը շատ ավելի լավ են ազդում յուրաքանչյուրի և առաջին հերթին` երեխաների վրա: Խաղաթերապիայի կաբինետը երեխաների համար կարծես օազիս լինի հիվանդանոցային աշխարհում։ Այն մի վայր է, որտեղ հիվանդ երեխան կենսական լիցքեր է ստանում:

Խաղաթերապիայում խմբային և անհատական աշխատանքի մեթոդներ են կիրառվում հետևյալ խնդիրների առկայության ժամանակ`

  • հաղորդակցման, շփման դժվարություններ
  • տարբեր բնույթի վախեր, տագնապ, անվստահություն, անվճռականություն
  • չափից ավելի հարմարվողականություն, նախաձեռնության բացակայություն, պասիվություն, բոլորի ասածի ընդունում կամ կատարում առանց քննադատության
  • երեխայի վարքի խանգարումներ, վատ սովորությունների ձեռքբերում` եղունգները կրծելու սովորություն, գողության փորձեր, փախուստ տնից, ծխել, վաղ հարբեցողություն
  • վարքի ագրեսիվ դրսևորումներ

2007թ.-ից առ այսօր խաղաթերապիայի կաբինետում շվեդական բարեգործական կազմակերպության կողմից հովանավորվող ծրագրի շրջանակներում հոգեբան-մանկավարժը պոլիկլինիկայի և հիվանդանոցի բուժանձնակազմի հետ համատեղ իրականացնում է Ընտանեկան կենտրոն կրթական և զարգացողական ծրագիրը։
Ընտանեկան կենտրոնը հիմնականում աշխատանքներ է տանում ծնողների շրջանում։ Տարիքային տարբեր խմբերում միավորված երեխաների (0-6 ամսեկան, 6-12 ամսեկան, 1-3 տարեկան, 3-5 տարեկան) ծնողների, հղիների, միայնակ մայրերի, մեծահասակների համար պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում մանկաբույժների, նեղ մասնագետների (գինեկոլոգի, գենետիկի, վնասվածքաբանի, ատամնաբույժի), մանկավարժի, հոգեբանի, լոգոպեդի և հրավիրված այլ մասնագետների հետ: Հանդիպումների թեմաներն ընդգրկում են երեխայի խնամքի, բուժսպասարկման, դաստիարակության և զարգացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև ներառում են հոգեբանական և սոցիալական խորհրդատվություն ընտանիքի բոլոր անդամների համար: Ծրագրի ընդլայնման արդյունքում ավելի շատ ծնողներ կներգրավվեն ընտանեկան կենտրոնում, հանդիպումների ընթացքում նորանոր թեմաներ կընդգրկվեն` հաշվի առնելով ծնողներին հետաքրքրող հարցերն ու նախասիրությունները:

Ընտանեկան կենտրոնը մի վայր է, ուր կարող են միմյանց հանդիպել ծնողներ, ընտանիքի անդամներ, երեխաներ ու տարբեր մասնագետների կողմից ստանալ տեղեկություն բժշկական, մանկավարժական, հոգեբանական և սոցիալական հարցերի վերաբերյալ:
Այստեղ բարի ավանդույթ է դարձել տարատեսակ ուրախ միջոցառումների կազմակերպումը Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա, Ամանորի կապակցությամբ: Փոքրիկներին հյուր են գալիս հեքիաթային սիրված հերոսներ, ծաղրածուներ, աճպարարներ և, իհարկե, Ձմեռ պապն ու Ձյունանուշը:

Աշխատանքային ժամերն են` 9:00 -17:00-ը։

Կաբինետի պատասխանատու, հոգեբան

Նկարներ

Ինչպես կարող ենք ձեզ օգնել