Մանկահասակ երեխաների շրջանում հազը տարածված երևույթ է, որը կարող է ի հայտ գալ առանձին կամ ուղեկցվել առողջական մեկ այլ խնդրի հետ միասին։
- ընդհանուր մրսածության ժամանակ
- սուր շնչառական վիրուսային վարակների ժամանակ
- բրոնխիտների, թոքաբորբերի ժամանակ
Սովորաբար մրսածության ախտանիշների բարելավմանը զուգահեռ երեխայի հազն առանց որևէ հատուկ բուժման ինքնուրույն մեղմանում է։ Սակայն որոշ դեպքերում այն կարող է կայունանալ և երեխային անհանգստացնել նաև մրսածության լավացումից օրեր և շաբաթներ անց։
Մասնագետը նշում է՝ եթե երեխան նորմալ սնվում է, խմում է բավարար քանակի հեղուկներ, շնչառությունը նորմալ է և չի ուղեկցվում խզզոցներով, ապա անհանգստանալու կարիք չկա, հատուկ միջոցներ պետք չէ ձեռնարկել: Հակառակ դեպքում, եթե երեխայի հազն անհանգստացնող է, ժամանակի ընթացքում չի մեղմանում, անհրաժեշտ է դիմել բժշկի։
Հատուկ ուշադրություն պետք է դարձնել, եթե հազն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, տևում է ավելի քան 2 շաբաթ, անսովոր է, տանջող բնույթի, ուղեկցվում է շնչարգելությամբ և հևոցով, ի հայտ է գալիս գիշերային ժամերին, ուղեկցվում է արտահայտված թուլությամբ, ուղեկցվում է մաշկի գույնի փոփոխությամբ՝ գունատություն կամ կապտավուն երանգ։
Եթե Ձեր երեխայի մոտ կան նման ախտանշաններ, անկախ օրվա ժամից, անհապաղ դիմեք բժշկի կամ կանչեք շտապբուժօգնություն։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Անհետաձգելի բուժօգնության ծառայություն 010301000 (ներքին՝ 501, 502) հեռախոսահամարով: