«Ի՞նչը կարող է հաշմանդամ մարդուն այնպիսի ուժ տալ, որը կապահովի հասարակության մեջ նրա հավասարությունը» թեմային անդրադարձել է «Մուրացան» հիվանդանոցային համալիրի խաղաթերապիայի մանկավարժ-հոգեբան Ռուզաննա Շավրեշյանը:
Նրա գնահատմամբ` հաշմանդամությունն ավանդաբար, որպես բժշկական տերմին ընկալելը հաշմանդամ մարդուն զրկել է հասարակության անդամ սոցիալական նշանակությունից` նրան վերապահելով պասիվ հիվանդի դեր, որն ամբողջովին կախված է այլ մարդկանց հոգատարությունից ու օգնությունից և, հետևաբար, ինքնորոշման և ընտրության ազատության ոչ մի հնարավորություն չունի:
Մասնագետի խոսքով` այսօր էլ կան ընտանիքներ, ծնողներ որոնք չընդունելով իրենց երեխայի ֆիզիկական կամ մտավոր վիճակը փորձում են նրանց զերծ պահել հասարակությունից՝ դրանով իսկ զրկելով երեխային մեծանալ հոգեպես առողջ և հասարակության մեջ ձևավորված լիարժեք մարդ։ Առաջին սոցիակական միջավայրը երեխայի կյանքում տեղի է ունենում, որպես կանոն ընտանիքում։ Ընտանիքից և ծնողներից է կախված ֆիզիկապես սահմանափակ երեխան ինչպես կդաստիարակվի և կձևավորվի որպես անհատ։
Մանկավարժ-հոգեբանը հորդորում է՝
1. Մի՛ պիտակավորեք երեխային և մի՛ դարձրեք նրան հիվանդ։
2. Մի՛ փորձեք ամեն բան անել նրա փոխարեն։
3. Տվե՛ք հնարավորութուն ինքնուրույն փորձելու։
4. Տվե՛ք հնարավորություն սխալվելու։
5. Թողե՛ք ինքնուրույն հաղթահարի դժվարությունները, բայց միշտ հիշեցրեք, որ իր կողքին եք։
6. Եթե իր կարծիքով ունի թերություններ, ապա դա դարձրեք նրա առավելությունը, յուրահատուկ լինելը։
7. Երբեք մի՛ ասեք դու չես կարող, քո մոտ չի ստացվի։
8. Միշտ տվե՛ք թևեր. «մի հուսահատվիր», «կարող ես նորից փորձել», «եթե մեկը կարողացել է, կարող ես և դու»,«եթե ոչ ոք չի կարողացել, դու եղիր առաջինը»։
9. Օգնե՛ք ձեր երեխաներին նոր միջավայրներում լինել։
10. Օգնե՛ք ձեր երեխային յուրաքանչյուր ոլորտում փորձել իր հնարավորությունները՝ օրինակ երաժշտական, սպորտի, նկարչական։
11. Այցելե՛ք միասին մշակույթային վայրեր։
12. Եղե՛ք ուժեղ, որպեսզի այդ ուժը փոխանցեք ձեր փոքրիկին։
Ռուզանան որպես ծնող և հոգեբան վստահեցնում է, որ վերոնշյալ մոտեցումներով առաջնորդվելով` անկախ ֆիզիկական կամ մտավոր որոշակի կարողություններից երեխան կլինի հոգեպես առողջ, ինքնավստահ, կհամարի իրեն հասարակության լիարժեք անդամ և ամենակարևորը` երջանիկ մարդ։ Միշտ ամուր մնացեք՝ անկախ ձեր ֆիզիկական ունակություններից և ձեզ շրջապատող մարդկանց տարօրինակ հայացքներից ու կարծիքներից։