Դիաբետը գլոբալ մարտահրավեր է, բայց միաժամանակ՝ իրազեկվածության, պատասխանատու վերաբերմունքի և առողջ ապրելակերպի կոչ։
Վաղ ախտորոշումը, ճիշտ վերահսկումը և բժշկական խորհուրդներին հետևելը դիաբետի կառավարման հիմնաքարերն են։
Այս օրը հիշեցում է, որ առողջությունը սկսվում է գիտելիքից, իսկ աջակցությունն ու հոգատարությունը՝ ուժ են տալիս յուրաքանչյուր քայլի։
Դիաբետի համաշխարհային օրվա շրջանակում մեր հրավիրյալ բանախոսները կարևոր առաքելությամբ այցելեցին Վանաձորի բժշկական կենտրոնի բուժանձնակազմին, ինչպես նաև Վանաձորի բժշկական քոլեջի ուսանողներին։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Տիպ 1 դիաբետի ախտորոշման, վաղ հայտնաբերման և արդյունավետ կառավարման հիմունքները։ Միջոցառումը կազմակերպվել էր Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի (նախագահ՝ Ելենա Աղաջանովա) և «Կաթիլ» բարեգործական հիմնադրամի (նախագահ՝ Կարինե Մխիթարյան) կողմից։
Տեսական դասընթացը վարեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգ, ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի ասիստենտ Աննա Վարդանյանը, որը մասնակիցներին ներկայացրեց ոլորտի նորագույն մոտեցումները և քննարկեց արդի բոլոր հարցերը։
Գործնական մասը ներկայացրեց «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգ Անի Հակոբյանը, որը ցուցադրեց կիրառական հմտություններ և աշխատանքային կարևոր մեթոդներ։
Ելույթ ունեցավ նաև Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ելենա Աղաջանովան։
Նրա խոսքով՝ այս հանդիպումը կարևոր քայլ էր գիտելիքի ամրապնդման և դիաբետի մասին ճիշտ իրազեկվածության բարձրացման գործում։ Մասնակիցների հետաքրքրությունն ու ներգրավվածությունը տպավորիչ և խրախուսական էին։
Դիաբետի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում բժիշկ-մասնագետներն իրենց գիտելիքով և փորձով կիսվեցին Վանաձորի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի և Վանաձորի պետական բժշկական քոլեջի ուսանողների հետ։
Նշենք, որ համալսարանականները դիաբետի դեմ պայքարին նվիրված միջոցառումների շրջանակում այցելել են նաև Գյումրու պետական քոլեջ՝ նույն հագեցած ծրագրով։
















