Նոյեմբերի 14-ը դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որը հնարավորություն է ևս մեկ անգամ շեշտելու հասարակության իրազեկվածության բարձրացման կարևորությունը, ինչպես նաև գնահատելու ոլորտի այն մասնագետներին, որոնց աշխատանքի շնորհիվ հնարավոր է դառնում վերահսկել ու կանխարգելել այս հիվանդությունը։
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիայի կլինիկան հանրապետության միակ մանկական էնդոկրին բաժանմունքն է, որին կից գործում է նաև Հանրապետական մանկական էնդոկրին դիսպանսերային ծառայությունը։
Այստեղ հաշվառված են հանրապետության տիպ 1 շաքարային դիաբետ ունեցող 938 երեխաներից 845-ը, ինչպես նաև այն երեխաները, ովքեր ունեն վահանաձև գեղձի հիվանդություններ, մակերիկամների կեղևի բնածին դիսֆունկցիա, աճի հորմոնի անբավարարություն, վաղաժամ սեռահասունացում և այլ էնդոկրին խանգարումներ։ Անհրաժեշտության դեպքում կլինիկայի բժիշկները ապահովում են հանրապետության բոլոր երեխաների մանկական էնդոկրինոլոգիական խորհրդատվությունը և հսկողությունը։
Կլինիկան սպասարկում է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների։
Կլինիկայում իրականացվում է էնդոկրին հիվանդությունների լայն շրջանակի հետազոտում, ախտորոշում և բուժում, այդ թվում՝
- շաքարային և ոչ շաքարային դիաբետ (արգինին վազոպրեսինի անբավարարություն),
- վահանաձև գեղձի հիվանդություններ,
ճարպակալում, - մակերիկամների հիվանդություններ,
- աճի դանդաղում և ֆիզիկական թերզարգացում,
- սեռական թերզարգացում և վաղաժամ սեռահասունացում։
Կլինիկայում մշտապես գործում է «Դիաբետի դպրոց» դասընթացը՝ նախատեսված ինչպես երեխաների և նրանց ծնողների, այնպես էլ մեծահասակ պացիենտների համար։
Բժիշկները պարբերաբար վերապատրաստվում են աշխարհի ի առաջատար էնդոկրինոլոգիական կենտրոններում, տիրապետում են արդի դիաբետոլոգիայի բոլոր մոտեցումներին՝ ներառյալ նորագույն ինսուլինները, գլյուկոզայի շարունակական մոնիթորինգը և պոմպային ինսուլինոթերապիան։
Կլինիկան ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի հիմնական ուսումնական բազան է:
Մեր բոլոր պացիենտներին դիաբետի դեմ պայքարում մաղթում ենք առողջություն, ինքնակարգապահություն և բժիշկների հետ վստահության վրա հիմնված արդյունավետ համագործակցություն։ Մեր աշխատանքի և պայքարի արդյունքը տեսանելի է բոլորիս համար: Մենք մշտապես ձեր կողքին և ձեր թիկունքին ենք։




