«Մուրացան» համալսարանական համալիրում բարոթերապիայի ծառայությունից օգտվող պացիենտների բուժման գործընթացում էական բարելավում է արձանագրվում:
«Ակնե, մազաթափություն, այլ խնդիրներ ունեցող պացիենտների` բուժումից առաջ և հետո լուսանկարներում ակնհայտ կարող ենք տեսնել տարբերություն, առողջացում: Առաջին հաջողված արդյունքները ոգևորիչ են ինչպես բուժառուների, այնպես էլ մեզ համար»,- նշում է բարոթերապևտ, ծառայության պատասխանատու Արմինե Տերտերյանը` հավելելով, որ ծառայությունից օգտվելու առաջին իսկ այցից հետո դրական արդյունքը նկատելի է:
Աշխարհում հայտնի այս հիպերբարիկ (գերճնշումային) օքսիգենացիայի (թթվածնացման) մեթոդը լայնորեն կիրառվում է էնդոկրինոլոգիայի, ստոմատոլոգիայի, գաստրոէնտերոլոգիայի, կոսմետոլոգիայի, պլաստիկ վիրաբուժության, այլ ոլորտներում:
Բարոթերապիայի շնորհիվ օրգանիզմի բջիջներին 5-ից 10 անգամ ավելի արագ է հասցվում թթվածին: Մեթոդը լայնորեն կիրառվում է ոչ միայն սուր թունավորումների ընդհանուր ծառայության մեջ, այլև հետքովիդային բարդությունների ժամանակ:
«Հիպերբարիկ օքսիգենացիան վերջին տարիներին լայնորեն կիրառվում է հետքովիդային սինդրոմի կամ long COVID-ի վերականգնողական բուժման մեջ, քանի որ կորոնավիրուսային վարակով պայմանավորված առաջանում է օրգանիզմի տոտալ հիպօքսիա: Long COVID-ը բնորոշ է նրանց, ովքեր հիվանդացել են անգամ ասիմպտոմ, և նրանց մոտ էլ կարող է զարգանալ ծանր հետքովիդային սինդրոմ: Պատճառներից են միկրոինֆարկտները և նեյրոբորբոքումները: Եվ հիպերբարիկ օքսիգենացիան այն մեթոդն է, որն օգնում է օրգանիզմին արագ հաղթահարել այդ հիպօքսիան, քանի որ հիվանդը ստանում է 100 տոկոս թթվածին հիպերբարիկ պայմաններում և թթվածնի լուծելությունը զգալի տարբերվում է թթվածին շնչելու այլ մեթոդներից: Որքան վաղ է սկսում տվյալ դեպքում հետքովիդային բուժումն, այդքան այն առավել արդյունավետ է ընթանում»,- ընդգծում է Արմինե Տերտերյանը:
Առաջացած հետքովիդային խնդիրները` գլխացավերը, գլխապտույտը, հետկրծոսկրային շրջանում ցավերը, մազաթափությունը, թմրածությունը առաջին իսկ սեանսից հետո զգալի պակասում են: Բարոթերապիան ունի բացարձակ և հարաբերական ցուցումներ:
Որպես բացարձակ հակացուցում` նա նշում է էպիլեպսիան, նորագոյացությունների առկայությունը, թոքերի, հարքթային խոռոչների, փոքր կոնքի օրգանների կիստոզ գոյացությունները, վախը փակ տարածություններից, ոչ կոմպենսացված հիպերտոնիան, թթվածնի նկատմամբ անտանելիությունը և հոգեկան խանգարումները:
Նորագույն սերնդի բարոսարքով անցկացվող սեանսի տևողությունը 45 րոպե է: Բարոխցիկն ամբողջությամբ ապակեպատ է և թափանցիկ, որի շնորհիվ պացիենտը տեսնում է իր շուրջը կատարվող գործընթացները: Տրամադրվում է բարոհագուստ և տեղեկատվություն բարոսեանսի մասին:
Պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները: Ողջ ընթացքում պացիենտը գտնվում է բուժանձնակազմի հսկողության ներքո, և անհրաժեշտության դեպքում սեանսը կարող է ընդhատվել ընդամենը 60 վայրկյանի ընթացքում:
Համալսարանական թիմը վստահեցնում է` թթվածնի բարերար ազդեցությունը օրգանիզմի վրա հիպերբալիկ պայմաններում օգտագործելն ուղղված է, առաջին հերթին, առողջական տարբեր խնդիրների հաղթահարմանը:
Հիշեցնենք, որ բարոթերապիայի ծառայությունը ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում ներդրվել է 2021 թվականի վերջից:
Հերթագրվելու և ծառայությունից օգտվելու համար պետք է նախապես զանգահարել +37433686817 հեռախոսահամարով: