Օրը ևս մեկ առիթ է անդրադառնալու այն մասնագետների աշխատանքի կարևորությանը, ովքեր ամեն օր զբաղվում են մարդկանց տեսողության պահպանմամբ։
Տեսողության հետ կապված խնդիրները կարող են զգալի ազդեցություն ունենալ կյանքի որակի վրա, իսկ վաղ հայտնաբերումն ու ճիշտ բուժումը հնարավորություն են տալիս կանխել բարդություններ թե՛ մանկական, թե՛ մեծահասակների շրջանում։
Օրվա առթիվ խոսել ենք համալսարանական պոլիկլինիկայի ակնաբույժ Գոհար Սահակյանի հետ։
Ինչ գանգատներով են սովորաբար դիմում ակնաբույժին
Բժշկի խոսքով՝ այցի պատճառները բազմազան են՝ աչքերի բորբոքումներ, արցունքատար ուղիների նեղացում, տեսողական ռեֆրակցիոն խնդիրներ, աչքի շլություն, աչքի տրավմա: Առավել հաճախ դիմում են տեսողության սրության հետ կապված խնդիրներով։
Ինչի՞ն ուշադրություն դարձնել վաղ տարիքից
Հիվանդության ախտանշանները տարբեր տարիքային խմբերում տարբեր է: Շատ կարևոր է պարզել, թե որ գեստացիոն հասակում է ծնվել երեխան: Եթե երեխան անհաս է ծնվել կամ մայրը հղիության ընթացքում ունեցել է ինֆեկցիոն հիվանդություններ, ընտանիքում կան մանկական որոշակի ժառանգական հիվանդություններ, կամ եթե երեխան ծնվել է արատներով, ապա պարտադիր է երեխայի ակնաբույժի կողմից զննումը։
Ծնողները պետք է ուշադրություն դարձնեն, թե ինչպես է երեխան արձագանքում լույսին, հետևում է առարկաներին, թե ոչ։ Այս տարիքում ծնողները դիմում են շլության, վատ ֆիքսելու կամ հետևելու գանգատներով։
Տեսողության խանգարումները դպրոցական շրջանում
Նախադպրոցական և դպրոցական տարիքում տեսողական խնդիր ունեցող երեխաները մոտենում են հեռուստացույցին, գրատախտակին, կարդալիս մոտենում են գրքին կամ տետրին, նշում են աչքերի ցավի, հոգնածության կամ գլխացավի (ասթենոպիկ գանգատներ) մասին:
Ինչ խորհուրդներ է տալիս մասնագետը ծնողներին
Բժիշկը ծնողներին խորհուրդ է տալիս երեխայի ծննդից հետո դիմել ակնաբույժի, քանի որ տեսողական խնդիրների վաղ ախտորոշումն ու կանխարգելումը շատ կարևոր է։
Ավելի մեծ տարիքի երեխաներին բժիշկը հորդորում է զերծ պահել գաջետներից, պահպանել տեսողական հիգիենայի կանոնները և տարին մեկ անգամ պրոֆիլակտիկ նպատակով դիմել մանկական անաբույժի։
Բուժման մոտեցումները
Բուժումը կախված է պաթոլոգիայի տեսակից: Բուժումը կարող է իրականացվել դեղերի միջոցով, ակնոցով, կատարել ապարատային բուժումներով, ինչպես նաև վիրահատական եղանակով։