Երեխաների կողմից այնքան սպասված ու ուրախ ամառային արձակուրդները միաժամանակ արևահարման և կամ ջրազրկման զարգացման բարձր ռիսկ պարունակող ժամանակահատված են։
Ուստի շատ կարևոր է իմանալ երեխաներին արևից պաշտպանելու մեթոդները, ինչպիսիք են՝
- Կեսօրյա ուժեղ ու վնասակար արևի ժամերին հնարավորինս խուսափել ճառագայթների անմիջական ազդեցությունից, ինչի համար ցանկալի է մնալ տանը և կամ գտնվել ստվերաշատ վայրերում (ծառերի ներքո, անձրևանոցի տակ)
- Երեխաներին հագցնել երկարաթև, բամբակյա, ազատ ոճի հագուստ՝ պաշտպանելով մարմնի բաց տեղամասերը
Լայն երիզով գլխարկ կրել, որպեսզի ծածկվեն գլուխը, պարանոցն ու ականջները (ինչը հատկապես կարևոր է կարճ մազերով փոքրիկների պարագայում) - Ավելի մեծ տարիքի երեխաները կարող են արևի ՈւՄ ճառագայթներից պաշտպանող ակնոց կրել (գնելիս ուշադրություն դարձրեք տոկոսին՝ 97-100% UV protection)
- Եվ վերջապես՝ արևապաշտպան քսուկներ կիրառել (նվազագույնը 15 SPF), քսել նախապես՝ տանից դուրս գալուց 30ր առաջ, թարմացնել յուրաքանչյուր 2ժ մեկ։
ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասպիրանտ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Անհետաձգելի բուժօգնության ծառայության մանկաբույժ Աննա Մխիթարյանի խոսքով` նախքան արևապաշտպան քսուկի ամբողջական կիրառումը ցանկալի է փոքրիկ չափաքանակով փորձ կատարել մաշկի սահմանափակ հատվածի վրա ալերգիկ ռեակցիան ստուգելու նպատակով։
Բացի այդ՝ մանկաբույժների ամերիկյան ակադեմիան խորհուրդ չի տալիս կիրառել արևապաշտպան քսուկները մինչև 6 ամսական երեխաների շրջանում։ Եթե ամեն դեպքում արևի տակ գտնվելն անխուսափելի է լինելու, ապա քսել բարակ շերտով, այն էլ՝ դեմքին և ձեռքերին։
Բժիշկը խորհուրդ է տալիս, չմոռանալ նաև օրվա պահանջին համապատասխան հեղուկների քանակը ապահովելու մասին։
Իսկ որ պայմաններում է պետք ահազանգել.
- Մաշկային ծածկույթների տարածուն բնույթի կարմրություն, չորություն, այտուց կամ բշտիկների առաջացում
- Ջերմության զգալի բարձրացում, դող
- Սրտխառնոց, փսխում, գլխացավ
- Թուլություն, գիտակցության մթագնում
- Աչքերի ցավ, տեսողության խանգարում:

