Ամփոփվեցին բժշկական բուհի նախաձեռնած «Պացիենտ-բուժաշխատող հաղորդակցման հիմունքները» թեմայով եռօրյա կրեդիտավորված անվճար դասընթացները «Մուրացան» հիվանդանոցային համալիրի ավագ և միջին բուժաշխատողների համար:
Դասընթացները մեկնարկել էին հունիսի 26-ին Աբովյան 50/5 մասնաշենքի դահլիճում, այնուհետև հունիսի 28-ին և 29-ին շարունակվեցին համալսարանական հիվանդանոցում:
Դասընթացների նպատակն է համալսարանական հիվանդանոցների ավագ և միջին բուժաշխատողներին առավել մանրամասն ներկայացնել մասնագիտական գործունեության ընթացքում անհրաժեշտ հաղորդակցման և բժշկական էթիկայի հիմունքները, որոնք կնպաստեն պացիենտների հետ շփումների արդյունավետության բարձրացմանը, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանը և փոխադարձ վստահության ամրապնդմանը։
Առաջին օրը դասախոսեց ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական, Եվրոպայի Խորհրդի փորձագետ Իզաբել Աբգարյանը: Հաջորդիվ մասնագիտական գիտելիքները մասնակիցներին փոխանցեցին Կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետ, Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը և ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը:
Ավագ բուժաշխատողներին կտրամադրվի 3 տեսական և 2 գործնական ՇՄԶ կրեդիտ, իսկ միջին բուժաշխատողներին` 2 տեսական և 1 գործնական ՇՄԶ կրեդիտ:






