|
  • Русский
  • English

Լավագույն սկիզբը կյանքում. կրծքով կերակրելու կարևորության մասին

Բնությունը հոգացել է, որ երեխայի ծննդի հետ ապահովվի նաև նրա սնունդը: Մոր օրգանիզմը սկսում է արտադրել կաթնախեժ, որը ոչ միայն հագեցնում է երեխայի քաղցը, այլև պաշտպանում է նրան ամենատարբեր հիվանդություններից` ապահովելով կյանքի «լավագույն սկիզբը»:

Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի մանկաբույժ, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Սուսաննա Հարությունյանը նշում է, որ կրծքով սնուցումը խորհուրդ է տրվում սկսել հետծննդյան առաջին ժամվա ընթացքում. այդ նպատակով երեխայի ծնվելուց անմիջապես հետո մայրը պետք է գրկի նրան` ապահովելով մաշկը մաշկին շփումը և նորածնի  առաջին կերակրումը։

Կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում խորհուրդ է տրվում մանկանը բացառապես կրծքով կերակրել։ Այդ ժանանակահատվածում կրծքի կաթն այն ամենն է, ինչի կարիքն ունի երեխան, և պետք չէ նրան լրացուցիչ ջուր, սամիթի ջուր, թեյ, հյութեր կամ այլ հեղուկներ տալ, նույնիսկ շոգ եղանակին:

Կրծքով սնուցումն ունի բազմաթիվ առավելություններ և՛ երեխայի, և՛ մոր համար: Կրծքի կաթը պաշտպանում է մանկանը վարակներից և նվազեցնում է մանկական հանկարծամահությունը: Կրծքով սնվող երեխաները, արհեստական սնունդ ստացողների համեմատ, ավելի հազվադեպ են հիվանդանում փորլուծությամբ, շնչուղիների և միջին ականջի սուր բորբոքումով, մենինգիտով, սեպսիսով, միզուղիների վարակով, թերսնուցմամբ և այլ հիվանդություններով:

Կրծքով սնուցումը նպաստում է երեխայի մտավոր զարգացմանը, նվազեցնում է գիրության, շաքարային դիաբետի (տիպ 1 և տիպ 2), քաղցկեղի և այլ քրոնիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Բժշկի հավաստմամբ` կրծքով կերակրելուց շահում է նաև մոր առողջությունը: Կրծքով կերակրած կանայք ավելի քիչ են հիվանդանում կրծքագեղձերի և ձվարանների քաղցկեղով, սակավարյունությամբ, ոսկրերի դյուրաբեկությամբ: Կրծքով կերակրելն օգնում է մորն արագ վերականգնել  նախկին մարմնակազմությունը: Բացի դա, հաճախակի կերակրումները պաշտպանում են նրան նոր հղիությունից:

Վեց ամսականից հետո միայն կրծքի կաթն այլևս չի կարող բավարարել երեխայի աճող պահանջները, և անհրաժեշտ է նրան հավելյալ սնունդ տալ՝ միաժամանակ շարունակելով կրծքով սնուցումը մինչև երկու տարեկանը կամ ավելի երկար։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել