|
  • Русский
  • English

Դիաբետ ունեցող երեխաների համար անցկացվել է «Կաթիլ 2023» 12-րդ ամառային ճամբարը

Մայիսի 29-ից հունիսի 4-ը «Կաթիլ»  բարեգործական հիմնադրամի և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի համատեղ ջանքերով Արզնիում անկցացվեց «Կաթիլ 2023»  12-րդ ամառային ճամբարը՝  նախատեսված Հայաստանի և Արցախի շաքարային դիաբետ ունեցող երեխաների համար։

Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ելենա Աղաջանովայի փոխանցմամբ` ճամբարին մասնակցեցին ինչպես երկար տարիներ դիաբետ ունեցող երեխաները, այնպես էլ նրանք, որոնց մոտ դիաբետը նոր էր հայտնաբերվել՝ ընձեռելով նրանց հնարավորություն չմեկուսանալու, հասարակության մեջ ինտեգրվելու, դիաբետն ինքնուրույն վերահսկելու և շարունակելու կյանքն ապրել նույնքան ակտիվ, որքան մինչև դիաբետը։

Երեխաները հնարավորություն ունեցան մասնակցելու կավագործության, նկարչության, սպորտի, ազգագրական պարերի, նեյրոգրաֆիկայի և «Դիաբետի դպրոցի» դասերին։

Ցավոք սրտի, ստեղծված իրավիճակով պայմանավորված, այս տարի Արցախից ճամբարին մասնակցելու հնարավորություն ունեցավ ընդամենը 1 երեխա։

Ճամբարի ընթացքում մասնակիցները դարձան ավելի կազմակերպված, ինքնուրույն, ձեռք բերեցին որոշակի հմտություններ։

«Այս մեկ  շաբաթվա ընթացքում երեխաները ևս մեկ անգամ համոզվեցին, որ թեև շաքարային դիաբետը հիվանդություն է,  բայց այն ճիշտ վերահսկելու և կառավարելու դեպքում հնարավոր է ապրել լիարժեք կյանքով»,- մանրամասնում է Ելենա Աղաջանովան` հատուկ շնորհակալություն հայտնելով «Կաթիլ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարինե Մխիթարյանին, իր ղեկավարած կլինիկայի բժիշկներին, ճամբարի  ողջ բուժանձնակազմին, հանձինս բժիշկներ՝ Արթուր Մելքոնյանի, Նաթելա Նավասարդյանի, Աստղիկ Խաչատրյանի, բուժքույրեր՝ Քրիստինե Սարոյանի, Անահիտ Հովհաննիսյանի և  կլինիկական օրդինատորների, ինչպես նաև  Ամերիկայի Հայ բժիշկների միությանը, «Բեյ» բնակավայրի հայկական առողջապահական ասոցիացիային ֆինանսական աջակցության համար:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել