Ծաղրածու Զիզին շուրջ 10 տարի է, ինչ ապրում է «Մուրացան» մանկական հիվանդանոցային համալիրի Խաղաթերապիայի կաբինետում` այստեղ գտնվող փոքրիկների օրը լցնում խինդով։
Նույնիսկ, երբ ամերիկացի բժիշկ, հասարակական գործիչ, հիվանդանոցային ծաղրածու և գրող Պատչ Ադամսը Հայաստան եկավ ցանկություն հայտնեց ծանոթանալ Զիզիի հետ։
Նա զարմացել էր, երբ իմացել էր, որ Հայաստանում կա հիվանդանոց, որտեղ ապրում է ծաղրածու։
«Զիզին կերպար է, ում դերը կատարում են Խաղաթերապիայի կամավորները։ Նախ յուրաքանչյուր բաժնում լինելուց առաջ Զիզիի հետ աշխատում է հոգեբանը, բացատրում՝ ինչպես պետք է մոտենալ երեխային, ինչպես խոսել ծնողների հետ, ինչ խաղեր առաջարկել և այլն։ Այնուհետև մանկավարժի ուղեկցությամբ շրջում է բաժիններում։ Մեզ համար կարևոր է մեր հիվանդանոց մուտք գործած յուրաքանչյուր փոքրիկի տրամադրությունն ու տրամադրվածությունը։ Քանի որ Հայաստանում երեխաներին սաստելու համար ծնողները հաճախ են բժիշկներին հիշատակում՝ ասելով «խելոք մնա, թե չէ բժիշկը կգա քեզ կսրսկի», կամ «տանելու եմ բժշկի, որ մատդ ծակեն» արտահայտությունները։ Այդ իսկ պատճառով Զիզին ունի գերխնդիր՝ փոխել փոքրիկների մտավախությունները»,- մանրամասնում է մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը` հավելելով, որ ծաղրածուի աշխատանքի կարևորությունը նաև այն է, որ յուրաքանչյուր փոքրիկ հասկանա՝ բժիշկները միայն նրանց ապաքինելու համար են, որ հիվանդանոցում գտնվելն այդքան էլ վախենալու չէ, այլ անհրաժեշտ է իրենց իսկ առողջության համար:
Արդեն մի քանի շաբաթ է, Զիզին ունի նոր պարտականություն. լինել մանկական համալսարանական հիվանդանոցի Կլինիկական ախտորոշիչ լաբարատորիայում։
Թեպետ հիվանդանոցի նոր կամավորը փոքրիկ աղջնակ է՝ Տաիսիա Առաքելյանը, բայց իր աշխատանքը մեծ սիրով և հաճույքով է կատարում:
Կամավորական աշխատանքին նա դիմել է սեփական նախաձեռնությամբ և, իհարկե, ծնողների թույլտվությամբ և կամքով: Հետաքրքրական է՝ նախքան կամավորագրվելը նա սպասարկվել է «Մուրացան» պոլիկլինիկայում և կանխարգելիչ այցերի ընթացքում հաճախ է հետևել Խաղաթերապիայի ծառայության գործունեությանը:
Ամեն առավոտ Տաիսիան լինում է լաբարատորիայում և ժպիտով ներս ուղեկցում հետազոտվողներին, զրուցում նրանց հետ արյուն վերցնելու պահին և վերջում խրախուսական նվերներ հանձնում։










