Մայիսի 29-ից հունիսի 4-ը «Կաթիլ» բարեգործական հիմնադրամի և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի համատեղ ջանքերով Արզնիում անկցացվեց «Կաթիլ 2023» 12-րդ ամառային ճամբարը՝ նախատեսված Հայաստանի և Արցախի շաքարային դիաբետ ունեցող երեխաների համար։
Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ելենա Աղաջանովայի փոխանցմամբ` ճամբարին մասնակցեցին ինչպես երկար տարիներ դիաբետ ունեցող երեխաները, այնպես էլ նրանք, որոնց մոտ դիաբետը նոր էր հայտնաբերվել՝ ընձեռելով նրանց հնարավորություն չմեկուսանալու, հասարակության մեջ ինտեգրվելու, դիաբետն ինքնուրույն վերահսկելու և շարունակելու կյանքն ապրել նույնքան ակտիվ, որքան մինչև դիաբետը։
Երեխաները հնարավորություն ունեցան մասնակցելու կավագործության, նկարչության, սպորտի, ազգագրական պարերի, նեյրոգրաֆիկայի և «Դիաբետի դպրոցի» դասերին։
Ցավոք սրտի, ստեղծված իրավիճակով պայմանավորված, այս տարի Արցախից ճամբարին մասնակցելու հնարավորություն ունեցավ ընդամենը 1 երեխա։
Ճամբարի ընթացքում մասնակիցները դարձան ավելի կազմակերպված, ինքնուրույն, ձեռք բերեցին որոշակի հմտություններ։
«Այս մեկ շաբաթվա ընթացքում երեխաները ևս մեկ անգամ համոզվեցին, որ թեև շաքարային դիաբետը հիվանդություն է, բայց այն ճիշտ վերահսկելու և կառավարելու դեպքում հնարավոր է ապրել լիարժեք կյանքով»,- մանրամասնում է Ելենա Աղաջանովան` հատուկ շնորհակալություն հայտնելով «Կաթիլ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարինե Մխիթարյանին, իր ղեկավարած կլինիկայի բժիշկներին, ճամբարի ողջ բուժանձնակազմին, հանձինս բժիշկներ՝ Արթուր Մելքոնյանի, Նաթելա Նավասարդյանի, Աստղիկ Խաչատրյանի, բուժքույրեր՝ Քրիստինե Սարոյանի, Անահիտ Հովհաննիսյանի և կլինիկական օրդինատորների, ինչպես նաև Ամերիկայի Հայ բժիշկների միությանը, «Բեյ» բնակավայրի հայկական առողջապահական ասոցիացիային ֆինանսական աջակցության համար:



















