1959 թ.-ից, երբ Gibson և Cooke առաջին անգամ նկարագրեցին պիլոկարպինային էլեկտրոֆորեզով քրտինքի խթանման և դրանում քլորիդների որոշման թեստը, մինչև օրս «քրտինքի թեստը» համարվում է մուկովիսցիդոզի ախտորոշման ոսկե ստանդարտ: Ինչու է անհրաժեշտ քրտինքի թեստին ուղղորդումը, որովհետև գեն-մոդուլյատորային բուժման ժամանակակից բուժման էրայում դուք կօգնեք պացիենտին ունենալ կյանքի նորմալ որակ, խուսափել բարդություններից:
Քրտինքի թեստին ճիշտ ուղղորդումը հատկապես կարևոր է Հայաստանում նորածնային սքրինինգի բացակայության պայմաններում:
Որոնք են մուկովիսցիդոզի մասնագետին ու քրտինքի թեստին ուղեգրման ցուցումները: Քրտինքի թեստին ուղեգրում է մուկովիսցիդոզի մասնագետը՝ Ձեր առաջնային ուղղորդումից հետո, համալիր զննումից հետո:
Երեխաների շրջանում դրանք են՝
- Անբավարար քաշը կամ վատ ավելացումը, երբ առկա են նաև աղիքային վատ ներծծում, վիտամինների պակասի ախտանիշներ ու նշաններ, ձգձգված կամ քրոնիկ լուծ, յուղոտ կղանք, երբեմն նաև փորկապություն, հատկապես, եթե երեխան ընդունում է բավարար քանակով կալորիաներ: Հիշեք, մանիֆեստացիան կարող է սկսվել, օրինակ, աղիքային վարակի ֆոնին և նորածնային հասակից:
- Կրկնվող շնչառական հիվանդությունները, երկարատև կպչուն «կապույտ հազ» նմանակող հազով, քրոնիկ թաց հազը՝ ավելի քան 4 շաբաթ, «օբստրուկտիվ բրոնխիտները», ասթման, որոնք չեն ենթարկվում ուղեցույցային բուժմանը, և հատկապես ուղեկցվում են թաց հազով, ռենտգենաբանորեն հաստատված թոքաբորբերով:
- Աղի կորստի համախտանիշը: Այս համախտանիշը շատ բնորոշ է շոգ երկրներին, երբ երեխան առանց ակնհայտ պատճառի սկսում է չուտել, կամ ջրազրկվում է, կամ ունի շնչառական վարակ, և նրա մոտ հայտնաբերվում է նատրիումի, կալիումի ցածր մակարդակ, իսկ թթվահիմնային հավասարակշռությունը թեքվում է դեպի մետաբոլիկ ալկալոզ:
- Ձգձգված նորածնային դեղնուկը՝ խոլեսթազի համախտանիշով, վաղ տարիքում ամինոտրանսֆերազների բարձրացումը: Այս նշանները ցուցում են տարբերակիչ ախտորոշման կոնտեքստում էլաստազ 1-ի որոշման, որի ցածր տվյալների դեպքում պարտադիր պետք է ուղղորդվեն քրտինքի թեստի:
- Մեկոնիումի հեռացման ցանկացած դժվարություն, ուշացում, մեկոնիումային իլեուսով վիրահատված երեխաները նույնպես պետք է ուղղորդվեն քրտինքի թեստի:
- Ուղիղ աղու արտանկումը, հատկապես կրկնվող դեպքերը, քաշը վատ ավելացնող, քրոնիկ աղիքային համախտանիշով երեխայի մոտ, ցուցում է քրտինքի թեստի ուղղորդման:
- Քթի և հարքթային ծոցերի պոլիպները, ասթմայի, կրկնվող ծանր օտիտների բացակայության դեպքում, ցուցում են քրտինքի թեստի:
- Կրկնվող պանկրեատիտներ, նույնիսկ էլաստազի նորմալ արժեքների դեպքում:
Քրտինքի թեստի ցուցումները մեծահասակների շրջանում
Ցավոք, այսօր կան նաև շատ ուշացած ախտորոշումներ, բաց թողնված դեպքեր:
Դրանք են՝
- Այսպես կոչված «իդիոպաթիկ» դիֆուզ բրոնխաէկտազները:
- Կրկնվող պանկրեատիտները:
- Բուժման դժվար ենթարկվող քրոնիկ ռինոսինուսիտը, քթի և հարքթային խոռոչների պոլիպոզը:
- Տղամարդկանց ամլությունը՝ ազոոսպերմիայով ու հատկապես vas deferens-ի բացակայությամբ:
Եղեք տեղեկացված՝ ի շահ Ձեր պացիենտների:

