Սոնոգրաֆիան (ուլտրաձայնային հետազոտությունը) ժամանակակից բժշկության մեջ լայնորեն կիրառվող, ոչ ինվազիվ ախտորոշման մեթոդներից է։ Այն հնարավորություն է տալիս գնահատել տարբեր օրգանների և հյուսվածքների վիճակը՝ նպաստելով բազմաթիվ հիվանդությունների հայտնաբերմանը։ Մեթոդի առավելություններից են հետազոտության հասանելիությունը, տեղեկատվական արժեքը և իոնացնող ճառագայթման բացակայությունը։
Ախտորոշիչ կենտրոնի ղեկավար, բժիշկ-ռադիոլոգ Մարիաննա Գևորգյանի փոխանցմամբ՝ մանկական տարիքում ցավի բնույթն ու տեղակայումը որոշելը հաճախ դժվար է։ Որովայնի խոռոչի տարբեր օրգանների խնդիրները կարող են դրսևորվել փորացավով, ուստի կարևոր է ուշադրություն դարձնել նաև ուղեկցող ախտանշաններին։
Ո՞ր դեպքերում կարող է անհրաժեշտ լինել ուլտրաձայնային հետազոտություն։
- Որովայնի ցավերի դեպքում։ Եթե երեխան գանգատվում է տարբեր բնույթի փորացավերից, հատկապես՝ աջ զստափոսի շրջանում ցավից, ունի սրտխառնոց կամ երկարատև բարձր ջերմություն։
- Միզուղիների հետ կապված խնդիրների դեպքում։ Եթե ծնողները նկատում են մեզի գույնի փոփոխություն, տհաճ հոտ կամ միզարձակման հետ կապված այլ գանգատներ։
- Այտուցների և շոշափվող գոյացությունների առկայության դեպքում։ Եթե երեխայի պարանոցի կամ մարմնի այլ հատվածներում նկատվում են այտուցված շրջաններ կամ շոշափվող գոյացություններ։
- Տղաների մոտ ամորձիների դիրքի գնահատման համար։ Եթե ամորձիները չեն շոշափվում փոշտում, անհրաժեշտ է դիմել բժշկի՝ հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը որոշելու համար։
- Սեռական հասունացման վաղ կամ ուշ դրսևորումների դեպքում։ Եթե աղջիկների մոտ նկատվում են սեռական հասունացման վաղ նշաններ, այդ թվում՝ կրծքագեղձերի զարգացում կամ թևատակերի և ցայլքի շրջանում մազակալում, ինչպես նաև սեռահասունացման տարիքին համապատասխանող փոփոխությունների ուշացում։
- Վահանաձև գեղձի խնդիրների դեպքում։ Սոնոգրաֆիան կարևոր դեր ունի գեղձի կառուցվածքի գնահատման և հնարավոր փոփոխությունների հայտնաբերման գործում։
Կարևոր է իմանալ։ Ուլտրաձայնային հետազոտությունն անվտանգ է, սակայն դրա անհրաժեշտությունը որոշվում է բժշկի ցուցումով՝ հաշվի առնելով երեխայի գանգատներն ու կլինիկական վիճակը։
Սոնոգրաֆիկ հետազոտություններ՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում
Համալսարանական հիվանդանոցում սոնոգրաֆիայի ծառայություններից կարող եք օգտվել նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում՝ բժշկի ցուցման և համապատասխան ուղեգրման առկայության դեպքում՝ ապահովագրական ծրագրի պայմաններին համապատասխան։
Հարցերի և խորհրդատվության համար կարող եք զանգահարել Ախտորոշիչ կենտրոն՝ 010 301 000, ներքին կոդեր՝ 505, 506, 594։

