|
  • Русский
  • English

Podcast — Հարց բժշկին. կենդանիների կծելու վտանգների և ժամանակին պատվաստվելու անհրաժեշտության մասին

Կենդանիների հետ շփումը շատերի առօրյայի մաս է, սակայն քչերն են գիտակցում, որ կենդանիների կողմից նույնիսկ աննշան քերծվածքն ու կծելը կարող է կյանքի համար լուրջ սպառնալիք դառնալ։ Հատկանշական է, որ բոլոր կաթնասունները կարող են փոխանցել կատաղության հարուցիչը, որի ելքը գրեթե միշտ մահացու է։

Կատաղությունը համարվում է համաշխարհային սպառնալիք․ հիվանդությունն ունի երկար ինկուբացիոն շրջան և ոչ մի նախանշան չունի, մինչև որ զարգանում են ծանր ախտանշանները։

Երբ հիվանդությունը դրսևորվում է լուսավախությամբ, ջրավախությամբ, նյարդային գրգռվածությամբ, բուժման բոլոր մեթոդներն անարդյունավետ են դառնում։

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի դիմածնոտային վիրաբուժության կլինիկայի բժիշկ, ԵՊԲՀ վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի ասիստենտ Նարեկ Մկրտչյանը «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում մանրամասնեց, թե ինչու կենդանիների կծելուն երբեք չպետք է թեթև վերաբերվել:

Նա ներկայացրեց կատաղություն հիվանդության վտանգները, տարածված սխալ պատկերացումները, ինչպես նաև առաջին օգնության և կանխարգելման կարևոր քայլերը։

«Վարակը փոխանցվում է կենդանու թքի միջոցով։ Դա կարող է լինել ոչ միայն կծելու, այլև քերծվածքի, խաղի ընթացքում բաց վերքի կամ նույնիսկ աչքի լորձաթաղանթի հետ շփման հետևանքով։ Հիվանդության ընթացքում հարուցիչը նյարդային բջիջներով հասնում է գլխուղեղ, և արդեն մահացու ելքն անխուսափելի է դառնում։ Թիրախային կենդանին միայն շունը չէ․ կատաղության դեպքեր կարող են լինել նաև այլ կենդանիներից, նույնիսկ, օրինակ՝ ջայլամից»,- ասաց նա` ընդգծելով, որ երբ կատաղությունը դրսևորվում է, ի հայտ են գալիս լուրջ նյարդաբանական նշաններ, հիվանդն ագրեսիվ վարքագիծ է ցուցաբերում։

Դրանք նույն ախտանշաններն են, որոնք նկատվում են վարակված կենդանու մոտ։ Ցավոք, այս փուլում բուժում գոյություն չունի։

«Աշխարհում հայտնի է միայն մեկ գրանցված դեպք, երբ ուշացած պատվաստումից հետո հնարավոր է եղել փրկել բուժառուի կյանքը, սակայն դա համարվում է բացառություն և չի կարող դիտարկվել որպես հուսադրող փորձ։ Կծելուց կամ քերծելուց հետո պետք է վերքը անմիջապես լվանալ օճառաջրով, դիմել բժշկի՝ առանց ժամանակ կորցնելու, ստանալ կատաղության դեմ պատվաստում, անհրաժեշտության դեպքում
նաև հակաբակտերիալ բուժում և հակափայտացման պատվաստում»,- ասաց մասնագետը:

Բժիշկ Մկրտչյանը նկատեց՝ շատերը մտածում են, որ տնային կենդանին անվտանգ է, ինչը լուրջ սխալ է։ Կենդանին կարող է վարակված լինել առանց որևէ կլինիկական նշանի։ Նույնիսկ պատվաստված շունը չի ապահովագրվում կատաղությունից։

Մասնագետը շեշտեց ՝ պետք է իրականացնել հանրային լայն իրազեկում, որպեսզի մարդիկ չվախենան պատվաստումից և չուշացնեն բժշկի դիմելը։ Պատվաստումը հազարավոր կյանքեր է փրկել և շարունակում է փրկել այսօր։

Թեմայի շուրջ մի շարք կարևոր հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով Podcast-ը:

https://armenpress.am/hy/article/1229645

Ինչպես կարող ենք ձեզ օգնել