|
  • Русский
  • English

Տոնական ժպիտներ հիվանդանոցի փոքրիկ պացիենտներին՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ   

Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, SPFA ֆրանսիական բարեգործական կազմակերպության «Joie de Lire» մանկական գրադարանի ծրագրի պատասխանատու Ռուզաննա Մարտիրոսյանը և կամավորներն այցելեցին ստացիոնար բուժում ստացող երեխաներին՝ նրանց փոխանցելով տոնական տրամադրություն, հոգատարություն և ջերմություն։Կազմակերպության կողմից փոքրիկներին հանձնվեցին նվերներ, որոնք մեծ ուրախություն ու ժպիտներ պարգևեցին երեխաներին՝ դարձնելով նրանց օրը առավել լուսավոր և հիշարժան։

«Joie de Lire» ծրագիրը տարիներ շարունակ համագործակցում է հիվանդանոցի խաղաթերապիայի ծառայության մասնագետների՝ հոգեբանի և հատուկ մանկավարժի հետ՝ նպաստելով երեխաների հուզական բարեկեցությանը։ Ծրագրի կամավորները հիվանդանոցի փոքրիկ այցելուների համար պարբերաբար ընթերցում են ֆրանսիական մանկական հեքիաթներ և պատմվածքներ՝ ստեղծելով հետաքրքիր, կրթական ու ջերմ միջավայր, որն օգնում է երեխաներին բուժման ընթացքն անցկացնել ավելի հաճելի և դրական տրամադրությամբ։

Շնորհակալություն ենք հայտնում SPFA ֆրանսիական բարեգործական կազմակերպությանը և «Joie de Lire» ծրագրի բոլոր կամավորներին՝ երեխաների հանդեպ ցուցաբերած մշտական հոգատարության, ուշադրության և սիրո համար։

Նման նախաձեռնությունները ոչ միայն ուրախություն են պարգևում փոքրիկներին, այլև հիշեցնում, որ յուրաքանչյուր երեխա արժանի է երջանիկ մանկության, ջերմության և հոգատար վերաբերմունքի։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել