|
  • Русский
  • English

Տարին ամփոփում ենք խաղ-վիկտորինայով

Հերթական ամենշաբաթյա գիտագործնական կոնֆերանսը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում տարբերվեց անցկացման ձևաչափով:

Խաղ-մրցույթով համալսարանական հիվանդանոցն ամփոփեց տարին, որը մասնակիցների գիտելիքի և իմացության հետաքրքիր, ինտերակտիվ ստուգատես էր:

Կլինիկական օրդինատորների, երիտասարդ բժիշկների մասնակցությամբ վիկտորինան մի քանի փուլ ուներ:

«Նպատակն է ավելի շեշտադրել բժշկագիտության տարբեր ոլորտները, ուսանողի ուշադրությունը հրավիրել այն ոլորտների վրա, որոնք կլինիկական պրակտիկայում ավելի քիչ են հանդիպում. օրինակ` ֆարմակոլոգիա, կենսաքիմիա», — մանրամասնելով խաղ-մրցույթի մասին` նշեց հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Բոքսային բաժանմունքի ղեկավար, ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանը` հավելելով, որ  միջոցառման ընթացքում ներկայացվում է կապը բազային գիտությունների և կլինիկական առարկաների, ինչպես նաև  հիվանդության նկարագրի միջև:

«Հետաքրքիր բազմափուլ, խմբային խաղ է, որը նույնպես նպատակ ունի դաստիարակել, սովորեցնել երիտասարդ մասնագետներին մուլտիդիսցիպլինար` խմբային աշխատանքի, զարգացնել գիտելիքը. գլխավոր առաջնահերթությունը պացիենտի առողջությունն է», — ընդգծեց Հռիփսիմե Ապրեսյանը:

Նախնական փուլում վիկտորինային մասնակցում են այնքան խմբեր, որքան կդիմեն, այնուհետև երեք խումբ է անցնում հաջորդ փուլ, վերջին փուլում ներկայացվում է կլինիկական դեպք, և հաղթող խումբը պետք է ախտորոշի այդ բարդ կլինիկական դեպքը: Գրեթե բոլոր հարցերը հիմնված են իրական կլինիկական դեպքերի վրա:

Վերջնարդյունքն ինչպես ուսուցողական է, այնպես էլ ժամանցային, բովանդակալից: Հաղթողները մրցանակներ ստացան:

Նշենք, որ նախկինում ևս Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնը «Մետամորֆոզիս» բժշկական ակումբի շրջանակում նախաձեռնել է նման խաղ-մրցույթներ, ինչը բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել համալսարանականների շրջանում:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել