Տոնզիլէկտոմիան քիթ-կոկորդ-ականջաբանության մեջ ամենահաճախ իրականացվող վիրահատություններից է, որի ընթացքում հեռացվում են քմային նշագեղձերը։
Չնայած պահպանողական բուժման մեթոդների զարգացմանը՝ որոշ դեպքերում վիրահատական միջամտությունը շարունակում է մնալ առավել արդյունավետ և անհրաժեշտ լուծումը։
Տոնզիլէկտոմիայի հիմնական ցուցումներից է կրկնվող կամ քրոնիկական տոնզիլիտը։
Եթե տարվա ընթացքում մարդն ունենում է հաճախակի անգինաներ, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությամբ, ցավով և ընդհանուր թուլությամբ, իսկ դեղորայքային բուժումը բավարար արդյունք չի ապահովում, բժիշկը կարող է խորհուրդ տալ նշագեղձերի հեռացում։
Վիրահատության կարևոր ցուցում է նաև նշագեղձերի չափերի մեծացումը, երբ դրանք խոչընդոտում են շնչառությանը կամ կուլ տալուն։
Հատկապես երեխաների շրջանում դա կարող է հանգեցնել գիշերային խռմփոցի, քնի ապնոէի, անհանգիստ քնի և ուշադրության խանգարումների։
Տոնզիլէկտոմիա կարող է իրականացվել նաև պարատոնզիլյար թարախակույտերի կրկնվող դեպքերում, երբ բորբոքային գործընթացը տարածվում է շրջակա հյուսվածքների վրա և առաջացնում բարդություններ։
Որոշ դեպքերում վիրահատությունը ցուցված է, եթե կա կասկած նշագեղձերի ուռուցքային փոփոխությունների կամ միակողմանի արտահայտված մեծացման նկատմամբ։ Նման իրավիճակներում վիրահատությունը թույլ է տալիս ոչ միայն բուժել, այլև կատարել հյուսվածաբանական հետազոտություն։
Դիմածնոտային վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանական և ստոմատոլոգիական ծառայության բժիշկ-մանկական քիթ-կոկորդ-ականջաբան Շուշան Սահակյանը շեշտում է, որ տոնզիլէկտոմիայի անհրաժեշտությունը որոշվում է անհատական մոտեցմամբ՝ հաշվի առնելով պացիենտի տարիքը, ախտանշանների հաճախականությունը, բարդությունների առկայությունը և կյանքի որակի վրա ազդեցությունը։
Ժամանակակից վիրաբուժական մեթոդները հնարավորություն են տալիս միջամտությունն իրականացնել առավել անվտանգ և արդյունավետ պայմաններում։

