|
  • Русский
  • English

Վահանաձև գեղձի ախտահարումները երիտասարդացել են. Ռենատա Մարկոսյանը ներկայացնում է բուժման եղանակները

Վահանաձև գեղձի հիվանդությունները բավականին տարածված են Հայաստանում և  յուրաքանչյուրը՝ անկախ  տարիքից և սեռից,  կարող է առնչվել  նրա ախտահարման հետ: Ըստ ՀԱԿ-ի վիճակագրական տվյալների, վահանաձև գեղձի ախտահարումը հանդիպում է երկրագնդի ամեն 10-րդ  բնակչի մոտ  և ունի ավելացման միտում: Հարկ է նշել, որ վահանաձև գեղձի խնդիրներն ավելի հաճախ հանդիպում են կանանց մոտ: Ընդ որում՝ այդ գեղձի աշխատանքի խանգարման վտանգը զգալիորեն բարձրանում է դաշտանադադարի ժամանակ:

ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Մուրացան» ՀՀ էնդոկրինոլոգիական բաժանմունքի բժիշկ Ռենատա Մարկոսյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ խնդրի առաջացման հիմնական պատճառների և հնարավոր կանխարգելմանը:

-Վահանաձև գեղձի հիվանդությունները ամենատարածված հիվանդությունների շարքում են դասվում, կնշե՞ք հիմնական գործոնները, որոնք մեծացնում են վահանաձև գեղձի հիվանդությունների և քաղցկեղի առաջացման հավանականությունը։

-Առաջնային պատճառներից է յոդի պակասը կամ ավելցուկը: Վահանաձև գեղձի բնականոն գործունեության համար յոդը անհրաժեշտություն է, և դրա պակասը ինչպես նաև ավելցուկը կարող են հանգեցնել մի շարք հիվանդությունների առաջացմանը։ Ինչպես ուռուցքների, այնպես էլ վահանաձև գեղձի այլ հիվանդությունների գենետիկ նախահակումը նույնպես մեծ նշանակություն ունի։ Եթե ժառանգությունը ըստ վահանաձև գեղձի հիվանդությունների ծանրաբեռնված է, ապա պետք է կրկնակի զգոն լինել։

Մեծ նշանակություն ունի նաև կենսակերպն ու էկոլոգիան: Ենթադրվում է, որ ծխելը նպաստում է թունավոր խպիպի առաջացմանը։ Նաև ծխողների մոտ գրեթե 7-8 անգամ ավելի հաճախ է հանդիպում ցայտուն արտահայտված էկզօֆտալմ: Բնակլիմայական անբարենպաստ պայմանները կարող են ազդել վահանաձև գեղձի աշխատանքի վրա։ Շատ մեծ դեր ունեն նաև տարբեր «վնասակար» արտադրությունները։ Պատճառ կարող է հանդիսանալ նաև ռադիացիան: Չերնոբիլից հետո Ուկրաինայում և Բելառուսում գրեթե 10 անգամ ավելացել է վահանաձև գեղձի ուռուցք ունեցող հիվանդների թիվը, և նրանց թիվը մինչ այժմ աճում է, չնայած այսքան տարի է անցել։ Հատկապես ավելի հաճախ այն հանդիպում է երեխաների մոտ, քանի որ նրանց վահանաձև գեղձը ավելի մեծ քանակությամբ ռադիոակտիվ յոդ է կլանում եւ նրա աշխատանքը  խախտվում է։ Ֆուկուսումայում վթարից հետո զգալիորեն ավելացել է վահանաձև գեղձի ուռուցք ունեցող երեխաների թիվը։

-Որո՞նք են վահանաձև գեղձի ախտահարման հիմնական ախտանշանները:

-Թերֆունկցիայի ժամանակ հաճախակի դիտվում է թուլություն, քնկոտություն, այտուցվածություն, փորկապություն, բնորոշ է նաև մազաթափություն, իսկ կանանց և աղջիկների մոտ` դաշտանային ցիկլի խանգարումներ: Վահանաձև գեղձի հորմոնների գերարտադրությունը կարող է առաջացնել գրգռվածություն և անհանգստություն, քաշի նվազում, հաճախասրտություն, դյուրհոգնելիություն: Բնորոշ է նաև քնի խանգարում:

Վերջին տարիների ընթացքում հաճախացել են վահանաձև  գեղձի հանգուցային ախտահարումները (բարորակ և չարորակ), որոնք որոշ դեպքերում կարող են արտահայտվել վահանաձև գեղձի  տեսանելի մեծացումով: Ծավալի մեծացման հաշվին վահանաձև գեղձը սեղմում է շնչափողը և հարակից խոշոր անոթները՝ առաջացնելով գլխապտույտ, գլխացավ, սուր, նոպայաձև կամ խեղդող հազ: Լինում են դեպքեր, երբ ուռուցքը չափերով լինում է փոքր, և հիվանդը որևէ գանգատներ չի ունենում: Սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս վաղ շրջանում հայտնաբերել այդ հանգույցները: Այնուամենայնիվ, վահանաձև գեղձի հանգույցային գոյացությունների 1-5%-ը չարորակ են, հետևաբար վահանաձև գեղձի հանգույցներ ունեցող պացիենտները պետք է գտնվեն բժշկական հատուկ հսկողության ներքո:

Ցավով պետք է նշեմ, որ վահանաձև գեղձի չարորակ ուռուցքներով ախտահարումը բավականին երիտասարդացել է: Միջազգային վիճակագրության համաձայն՝ վահանաձև գեղձի հանգույցներ ունեցող 100 հիվանդից 1-ից 5-ի մոտ հայնաբերվում է չարորակ ուռուցք: Չարորակ ուռուցքները լինում են դիֆերենցված և չդիֆերենցված: Դիֆերենցված՝ պապիլյար և ֆուլիկուլյար ձևերի բուժման արդյունավետությունը հասնում է 95-100%-ի: Բարեբախտաբար, քիչ են ոչ դիֆերենցված ձևերը, որոնք կոչվում են անապլաստիկ: Դրանք քաղցկեղի ամենասարսափելի տեսակն են. արագ աճ են արձանագրում և անբուժելի են: Վահանաձև գեղձի հիվանդություններից է մեդուլյար քաղցկեղը, որն առաջանում է հատուկ C բջիջներից: Դրանք արտադրում են ոչ թե վահանագեղձի հորմոններ, այլ կալցիոտոնին, որն մասնակցում է կալցիումի փոխանակության մեջ: C բջիջները բնութագրվում են արագ մետաստավորմամբ: Ախտորոշումը հաստատելուց հետո անհրաժեշտ է հեռացնել վահանաձև գեղձը և լիմֆատիկ հանգույցները, որպեսզի հետագայում բացառենք հիվանդության կրկնվելու հավանականությունը: Մեդուլյար քաղցկեղի բուժման արդյունավետությունը շուրջ 75-85 % է:

Ինչպե՞ս է իրականացվում վահանաձև գեղձի հիվանդությունների բուժումը:

-Հիպոֆունկցիայի ժամանակ ցուցված է փոխարինող թերապիա, որը  իրականացվում է լևոթիրոքսինով: Հիպերֆունկիայի դեպքում անհրաժեշտ է սուպրեսիվ թերապիա, ռադիոյոդթերապիա: Այն պացիենտները, որոնց մոտ ախտորոշվել է հանգուցավոր խպիպ առանց ֆունկցիայի խանգարմամբ,  դեղորայքային բուժման կարիք չունեն: Վահանաձև գեղձի չարորակ նորագոյածությունների բուժման մեթոդն է վիրահատական միջամտությունները և ռադիոյոդաթերապիան:

Վահանաձև գեղձի հիվանդություննեևը ախտորոշելու համար անհրաժեշտ հետազոտություներն են`հորմոնների որոշումը արյան մեջ,   ուլտրաձայնային հետազոտություն, կարիք լինելու դեպքում նաեւ  էլաստոգրաֆիա:  Համադրելով կլինիկական և հորմոնային տվյալները, ինչպես նաև ՈՒՁՀ տվյալները, նշանակվում է համապատասխան բուժումը՝ կոնսերվատիվ կամ կոնսերվատիվ:

Վահանաձև գեղձի հիվանդությունների  արդյունավետ բուժման համար կարևոր է վաղ հայտնաբերումը, հատկապես չարորակ ուռուցքների պարագայում: 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել