|
  • Русский
  • English

Սեզոնային ալերգենները երեխաների մոտ

Վերջապես ամառ է, արև ու արձակուրդներ, բայց դա նաև նշանակում է, որ ձեր շրջապատում շատացել են բազմաթիվ ալերգեններն ու բարձրացել է դրանցով պայմանավորված տարաբնույթ ալերգիաների զարգացման հավանականությունը։ Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ալերգոլոգ, ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի ասիստենտ Նունե Հովհաննիսյանը խոսել է երեխաների մոտ սեզոնային ալերգենների մասին:Ապացուցված է, որ երեխաների 10-20 տոկոսը կյանքի որոշակի շրջանում ունենում են գերզգայունություն սեզոնային ալերգենների նկատմամբ և ախտանշանները պայմանավորված են լինում համապատասխան սեզոնին (գարուն-աշուն) տվյալ ալերգենի գերակշռմամբ։Ալերգիաներին բնորոշ հիմնական ախտանշաններն են՝

  • աչքերի շուրջ մաշկի մգացում
  • քոր
  • արցունքահոսություն, աչքերի կարմրություն
  • փռշտոցներ
  • սպաստիկ բնույթի, չոր հազ
  • դժվարաշնչություն
  • գրգռված վիճակ, հոգնածության զգացում և այլն:
Մասնագետը շեշտում է, որ նմանատիպ ախտանշաններ կարող են դիտվել թե՛ ալերգիաների, թե՛ շնչառական վարակների ժամանակ, որոնց միջև կարևոր է անցկացնել համապատասխան տարբերակում՝ բուժման հետագա ընթացքը ճիշտ կազմակերպելու նպատակով։
Նման իրավիճակում կարող եք օգտվել այսպիսի մի թեստից՝ ուշադրություն դարձնելով դուրս բերվող խորխի բնույթին (թափանցիկ, ոչ խիտ/ խիտ, գունափոխված), հազի տիպին (չոր/թաց), աչքերին (արցունքահոսության, կարմրության առկայություն/ բացակայություն), ջերմության առկայությանը կամ բացակայությանը:
Եթե ձեր երեխայի մոտ առավելապես գերակշռում են առաջին տարբերակների պատասխանները, հավանաբար առկա է սուր շնչառական վարակ, երկրորդի դեպքում՝ ալերգիա։ Կարևոր է հաշվի առնել նաև երեխայի տարիքը (առավելապես 3-5 տ.), ախտանշանների պահպանման տևողությունը, ընտանիքի մյուս անդամների մոտ ալերգիաների առկայությունը և այլն։
Մտապահեք՝
ջերմության բարձրացումը խոսում է վարակի առկայության մասին
փորլուծությունը առավելապես վարակի նշան է (բացառությամբ տևական ընթացքին՝ պայմանավորված սննդային ալերգեններով)։
Այսպիսով, վերոնշյալ ախտանշանների առկայության պարագայում հարկավոր է այցելել ձեր տեղամասային մանկաբույժին, ով, անհրաժեշտության դեպքում, կուղղորդի ալերգոլոգի խորհրդատվության։ Առողջ եղե՛ք։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-301-000 (559) հեռախոսահամարով:
Ինչպես կարող ենք ձեզ օգնել