«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ռեանիմատոլոգ Ռուբեն Արաբյանն անդրադարձել է իր պրակտիկայից այնպիսի դեպքերի, որոնց միջոցով հերթական անգամ երեխաների ծնողների կամ խնամողներին զգուշության և զգոնության կոչ է անում:
Ժողովրդախոսակցական լեզվով ասած, «փորձանքների» շուրջ 70 տոկոսը անփութության, անզգուշության հետևանք է:
Բժիշկը նշում է՝ հիմնական թունավորումները երեխաների մոտ լինում են դեղերից և կենցաղային նյութերից:
Ինչու դեղորայքային կամ դեղերով պայմանավորված
Ծնողները հիմնականում չեն գիտակցում, որ մեծանալով երեխան կարող է աթոռը դնել, բարձրանալ վրան և դարակից հանել որևէ սրվակ: Դեղն անհասանելի տեղում պահելը ապահովության հարց է, որի շուրջ բոլորս պետք է մտածենք:
Ամենից հաճախ թունավորումները ժավելի հետևանքով են
Կենցաղային թունավորումները հաճախակի են, քանի որ հասանելի տեղերում են դրված երեխաների համար: Ամենից շատ հանդիպող թունավորումը ժավելից է:
Ժավելը հրապուրիչ, թափանցիկ դեղին գույնի շշերի մեջ է և երեխաներն այն ասոցացնում են գազավորված ըմպելիքի հետ և չիմանալով դրա բաղադրությունը, խմում: Համալսարանական մասնագետը նկատում է, որ նախկինում, ի տարբերություն այժմյան արտաքին տեսքի, ժավելը վաճառվում էր մուգ գույնի մեծ տարրաներով, որը չէր գրավի երեխայի ուշադրությունը:
Գրավիչ շշերով ժավելի վաճառքը, նրա գնահատմամբ, պետք է վերանայվի կամ արգելվի: Քիչ չեն նաև մարգանցովկայի` կալիումի պերմանգանատի մուգ մանուշակագույն բյուրեղներով թունավորման դեպքերը: Մարգանցովկայի սրվակը շատ նման է Վիտամին Դ-ի սրվակին և այս նմանությունն է ծնողի մոտ շփոթմունքի և սխալվելու պատճառ դառնում:
Չվնասելը` կարևոր պայման
Կարևոր է, որ ծնողը հասկանա, որ ամենակարևոր բանը բժշկության մեջ չվնասելու սկզբունքն է, մինչդեռ խուճապի մեջ, երբեմն օգնելու փոխարեն կրկնակի վնաս է հասցվում երեխայի առողջությանը:
«Պատահում է, որ ժավելից թունավորման հետևանքով երեխային սոդայաջուր են տալիս խմելու կամ փորձում են ժավելից փսխման ձևով ազատվելու համար մատը մտցնել կոկորդը: Պետք է հիշել, ոչ կերակրափողը, այսպես ասած, անպաշտպան է, և թունավարման պատճառ հանդիսացող նյութը կրկին անցնում է կերակրափողով և կրկին վնասում այն»,- մանրամասնում է Ռուբեն Արաբյանը:
Այսպիսով` կենցաղում ժավելը կամ այլ վտանգավոր քիմիական նյութերը պետք է պահվեն գործարանային տարրաների կամ տուփերի մեջ:
Կան թունավորումներ, որոնց հաջորդում է երկարատև բուժման ընթացքը, ընկնում է երեխայի կյանքի որակը:
Ցավոք, արձանագրվել են դեպքեր, երբ նույն ընտանիքից փոքրիկը թունավորվել է երկրորդ անգամ, սա ևս ահազանգ է:
Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի թիմի հանրությանն ուղղված գլխավոր հորդորն է թունավորումների դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, այլ անհապաղ դիմել բժշկական օգնության:

