Երեխաների պաշտպանության միջազգային օրը կարևոր առիթ է հիշեցնելու, որ երեխաների պաշտպանությունը սկսվում է նրանց առողջ ու անվտանգ մանկությունն ապահովելուց։
Ամռան ամիսներին, երբ երեխաներն ավելի շատ ժամանակ են անցկացնում բացօթյա միջավայրում, մեծանում են արևահարությունների, ջրազրկման, աղիքային վարակների, ալերգիկ ռեակցիաների և տարբեր վնասվածքների ռիսկերը։
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային պաթոլոգիայի և վաղ մանկական հասակի մանկաբուժական ծառայության մանկաբույժ-նեոնատոլոգ Գոհար Մարգարյանի հետ զրուցել են ծնողներին հուզող կարևոր հարցերի պատասխանների՝ ամառային շրջանում երեխաների առողջության պահպանման մասին։
Մասնագետը նշեց, որ ամռանը երեխաների շրջանում ամենահաճախ հանդիպող առողջական խնդիրներից են արևահարությունները, որոնք կարող են ուղեկցվել նաև ջրազրկմամբ:
Տարածված են նաև սննդային թունավորումներն ու աղիքային վարակները, ալերգիկ ռեակցիաները, միջատների խայթոցները, ինչպես նաև տարբեր վնասվածքներն ու ջրային հանգստի ընթացքում գրանցվող դժբախտ պատահարները։
«Ճանապարհորդությունների և հանգստի ընթացքում երեխաների մոտ հաճախ կարող են առաջանալ գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, թուլություն կամ ջերմության բարձրացում։ Թեև որոշ դեպքերում ծնողները կարող են առաջին օգնություն ցուցաբերել տնային պայմաններում, կարևոր է ճանաչել այն ախտանշանները, որոնք պահանջում են անհապաղ բժշկական միջամտություն։Վտանգի հիմնական նշաններից են բարձր ջերմությունը, որը դժվար է վերահսկել ջերմիջեցնողներով, բազմակի փսխումները, գիտակցության խանգարումները, հեղուկներից հրաժարվելը, ցնցումները և օրվա ընթացքում միզարձակման կտրուկ նվազումը։ Այս ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի»,- ասաց բժիշկը:
Արևահարության դեպքում առաջին օգնության կարևոր բաղադրիչը երեխային ստվերային և զով միջավայր տեղափոխելն է, ինչպես նաև հաճախակի և փոքր չափաբաժիններով հեղուկներ առաջարկելը։ Արևահարությունը կարող է արտահայտվել մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, մաշկի տաքությամբ, գլխացավով, գլխապտույտով և փսխումով։
Դրանից խուսափելու համար խորհուրդ է տրվում երեխաներին չթողնել արևի ուղիղ ճառագայթների տակ հատկապես ժամը 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, օգտագործել տարիքին համապատասխան արևապաշտպան միջոցներ և ապահովել բավարար հեղուկների ընդունում։
Մանկաբույժը խորհուրդ է տալիս ամառային հանգստի մեկնելիս երեխաների դեղատուփում ունենալ ջերմիջեցնող դեղամիջոցներ՝ պարացետամոլ կամ իբուպրոֆեն, օրալ ռեհիդրատացիոն լուծույթներ, բժշկի կողմից նշանակված հակահիստամինային միջոցներ, ինչպես նաև արևապաշտպան և միջատներից պաշտպանող միջոցներ։
Մասնագետի խոսքով՝ ամռանը աղիքային վարակների տարածման հիմնական պատճառներից մեկը սենյակային ջերմաստիճանում երկար ժամանակ պահված սննդի օգտագործումն է։ Շոգ եղանակին նույնիսկ մեկ-երկու ժամից սնունդը կարող է դառնալ վտանգավոր։ Կարևոր է նաև պահպանել ձեռքերի հիգիենան և խուսափել անհայտ պայմաններում պատրաստված սննդից։Խոսելով նաև ինքնաբուժության վտանգների մասին՝ մասնագետը նշեց, որ ծնողները հաճախ բարձր ջերմության դեպքում միաժամանակ օգտագործում են տարբեր դեղամիջոցներ կամ դրանք տալիս ոչ ճիշտ ժամային ընդմիջումներով։
Սխալներից են նաև սպիրտային շփումները և հակաբիոտիկների ինքնակամ կիրառումը, որոնք կարող են հանգեցնել ալերգիկ ռեակցիաների, հակաբիոտիկների նկատմամբ կայունության ձևավորման և մարսողական խնդիրների։Խոսելով ալերգիկ ռեակցիաների մասին՝ մասնագետն ընդգծեց, որ դրանք սովորաբար արտահայտվում են մաշկի կարմրությամբ, քորով, քթահոսությամբ կամ արցունքահոսությամբ։ Սակայն ծնողները պետք է կարողանան տարբերակել դրանք այլ կյանքին սպառնացող վիճակից, որը կարող է զարգանալ շատ արագ. այս պարագայում անհրաժեշտ է անհապաղ բժշկական օգնություն։
«Հատուկ ուշադրություն է անհրաժեշտ նորածինների և մինչև երեք տարեկան երեխաների խնամքի դեպքում։ Նրանց մոտ ջրազրկումն ու գերտաքացումը զարգանում են ավելի արագ, ուստի ծնողական հսկողությունը պետք է լինի առավել զգոն։ Կարևոր է նաև մաշկի պատշաճ խնամքը՝ արևապաշտպան և խոնավեցնող միջոցների կիրառմամբ»,- նշեց նա:Մասնագետը խորհուրդ տվեց ամռան ընթացքում երեխաներին հնարավորինս հեռու պահել արևի ուղիղ ճառագայթներից և ապահովել հեղուկների բավարար ընդունումը, չթուլացնելով ծնողական հսկողությունը, հատկապես լողավազաններում, ջրային տարածքներում և ակտիվ հանգստի ժամանակ։
Նրա խոսքով՝ հենց զգոնությունն ու կանխարգելումն են անվտանգ և առողջ ամառվա լավագույն երաշխիքը։
Թեմայի շուրջ մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը։



