Հանրապետությունում օգոստոսի 1-7-ն անցկացվում է կրծքով կերակրման իրազեկման շաբաթ:
Կրծքով կերակրումը երեխայի առողջ կյանքի սկիզբն է: Եթե մայրը որոշում է կայացնում կրծքով կերակրել դա իր դրական ազդեցությունն է թողնում ամբողջ ընտանիքի վրա:
ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դոցենտ, մանկաբույժ Նանե Մնացականյանի գնահատմամբ՝ մայրական կաթը կատարյալ, յուրահատուկ և անկրկնելի սնունդ է երեխայի համար:
«Այն ունի բացառիկ բաղադրություն` հակամանրէային, հակաբորբոքային, իմունակարգավորող գործոններ, կենդանի լեյկոցիտներ, որոնք նպաստում են երեխայի իմունային համակարգի ձևավորմանը»,- նշում է բժիշկը։
Հետազոտությունները փաստում են, կրծքով կերակրումը նվազեցնում է շնչառական վարակների, փորլուծությունների, միջին ականջի վարակների, մանկական լեյկեմիայի, մանկան հանկարծամահության համախտանիշի, աղիների բորբոքային հիվանդությունների, ատոպիկ դերմատիտի, ասթմայի և ճարպակալման ռիսկերը, նպաստում է գլխուղեղի զարգացմանը:
Միաժամանակ պարզվել է, որ 12 ամիս և ավելի կրծքով կերակրումը նվազեցնում է մայրերի 2 տիպի շաքարային դիաբետի, զարկերակյին գերճնշման, կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի զարգացման հաճախականությունը:
Համալսարանական մասնագետն ընդգծում է՝ կրծքով կերակրելու դեպքում ընտանիքը լրացուցիչ գումար չի ծախսում կաթնախառնուրդ գնելու համար, ինչը դրական ֆինանսական ազդեցությունն է ունենում ընտանիքի համար:
ԱՀԿ-ի և ՀՀ ԱՆ-ի կողմից խորհուրդ է տրվում`
- երեխային բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսականը
- մինչև 6 ամսական երեխան բացի կրծքի կաթից այլ սննդի կամ ջրի կարիք ՉՈՒՆԻ
- երեխան կրծքով պետք է կերակրվի ըստ պահանջի` առանց ռեժիմի, այդ թվում գիշերվա ընթացքում:
- կերակրումները շարունակել մինչև 2 տարեկան և ավելի
- 6 ամսականից ներմուծել տարիքին համապատասխան հավելյալ սնունդը
- երեխան պետք է կերակրվի կրծքով այնքան, ինչքան ընդունելի է մոր և մանկան համար։