«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում շարունակվում են ամենշաբաթյա գիտագործնական կոնֆերանսները:
Յուրաքանչյուր հինգշաբթի` ժամը 15:00-ին, բաժանմունքների բժիշկներն ու կլինիկական օրդինատորները հնարավորություն ունեն լսել մասնագիտական արդի թեմաներով զեկուցումներ:
Օգոստոսից սկսած` առաջին հինգ թեման զեկուցել ու հիվանդանոցում կազմակերպվող գիտական շեշտադրմամբ միջոցառումները նախաձեռնել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Բոքսային բաժանմունքի ղեկավար, Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանը` կարևորելով հատկապես երիտասարդ բժիշկների շրջանում գիտությամբ, հետազոտական աշխատանքով զբաղվելու տարածումը:
Նոյեմբերի 9-ին ընտրված թեմաներից մեկը «Լեղուղիների ատրեզիա»-ն էր, որը ներկայացրեց Ախտորոշիչ կենտրոնի բժիշկ-սոնոգրաֆիստ Մելինա Ալոյանը, «Նորածնային հիպերբիլիռուբինեմիա»-ն` կլինիկական օրդինատոր Վահե Ղազարյանը:
Քննարկումներն անցնում են ինտերակտիվ ձևաչափով` կլինիկական դեպքերի նկարագրությամբ, ախտորոշման և բուժման մեթոդների քննարկմամբ, ինչը, մասնակիցների փոխանցմամբ, նպաստում է գիտելիքի հարստացմանը, բուժօգնության որակի բարձրացմանը:





