|
  • Русский
  • English

Ինչպես է աշխատում գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգերի ներդրման ծրագիրը

Ինչպես գիտեք, մեր երկրում մեկնարկել է առողջապահական նոր պետական ծրագիր, որի նպատակն է շաքարային դիաբետ ունեցող երեխաների և դեռահասների առողջության պահպանման ու կյանքի որակի բարելավումը՝ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգերի (ԳՇՄՀ) ներդրման միջոցով։

Սարքերը հնարավորություն են տալիս շուրջօրյա վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը, նվազեցնել մատի ծակման հաճախականությունը և կանխարգելել հնարավոր բարդությունները։

Նարե Հակոբովան առաջիններից էր, ում մոտ տեղադրվեց սենսորային գլյուկոմետրը։ Արդեն ավելի քան 13 տարի նա ապրում է շաքարային դիաբետով։ Մինչ այս նա օրը մի քանի անգամ ձեռքով չափում էր արյան գլյուկոզայի մակարդակը և կատարում ինսուլինի ներարկումներ։ Այսօր Նարեն բժշկի մոտ էր՝ համոզվելու, որ սարքը ճիշտ է աշխատում։

«Այս լուրը ինձ շատ ուրախացրեց։ Միշտ սարքը քեզ հետ կրելը, պարբերաբար արյուն հանձնելը շատ հոգնեցուցիչ է։ Փոքր երեխաների համար սա հատկապես կարևոր է․ կան թրթռացող ազդանշաններ և տարբեր գործառույթներ, որոնք օգնում են ծնողներին վերահսկել գլյուկոզայի մակարդակը», — «МИР 24»-ին պատմել է Գեղարքունիքի մարզի բնակիչ Նարե Հակոբյանը։

Սենսորային սարքը տեղադրվում է ընդամենը մի քանի վայրկյանում։ Ճիշտ աշխատանքի համար այն անհրաժեշտ է փոխել յուրաքանչյուր 15 օրը մեկ, ինչը պացիենտը կարող է անել ինքնուրույն։ Բոլոր ցուցանիշները ավտոմատ կերպով փոխանցվում են հատուկ ընթերցիչ սարքին կամ պացիենտի, ծնողի և բժշկի հեռախոսին։

«Գրաֆիկում երևում են գլյուկոզայի մակարդակի տատանումները վերջին 12 ժամվա ընթացքում։ Տեսնում ենք, որ տվյալ ժամանակահատվածում ցուցանիշները պահպանվել են թույլատրելի թիրախային միջակայքում՝ 3-ից 10»,-խոսելով սարքի արդյունավետության մասին նշել է «Մուրացան» համալսարանական մանկական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի բժիշկ-էնդոկրինոլոգ Արթուր Մելքոնյանը։

Հայաստանում հաշվառված է շուրջ 950 մինչև 18 տարեկան շաքարային դիաբետի 1-ին տիպ ունեցող պացիենտ։ Նրանցից կեսից ավելին արդեն ստացել են կյանքի որակը բարելավող այս ժամանակակից սարքերը։

«Ծրագիրը բավական թանկարժեք է, սակայն այն լիովին արդարացված է, եթե հաշվի առնենք, որ ապագայում կնվազի երեխաների մոտ սուր բարդությունների թիվը, որոնք հաճախ հանգեցնում են հոսպիտալացման, ինչպես նաև քրոնիկ բարդությունների ռիսկը։ Դրանք անոթային և նյարդային համակարգի ախտահարումներ են, որոնք դիաբետի դեպքում կարող են առաջացնել տարբեր օրգանների անոթային վնասումներ։ Այդ բարդությունները սովորաբար անմիջապես տեսանելի չեն և դրսևորվում են տարիներ անց՝ մոտ 10 տարվա ընթացքում»,- մանրամասնել է ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան։

Դիաբետ ունեցող երեխաների համար նոր հնարավորություններին Мир 24-ն է անդրադարձել:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել