Սննդից օրգանիզմը ստանում է էներգիա, որը ծախսում է աշխատելու, սեփական կարիքները սպասարկելու վրա։ Սակայն երբ էներգիան ավելի շատ է լինում, քան դրա ծախսը, այն վերածվում է ճարպի՝ պահուստային ռեսուրսի, որը սկսում է կուտակվել օրգանիզմում, հիմնականում, ենթամաշկում։ Այս հյուսվածքներից ձևավորվում է, այսպես ասած, «բանկ», որտեղ պահպանվում է չօգտագործված էներգիան: Սակայն երբ ենթամաշկային դեպոները լցվում են, իսկ սննդային էներգիան շարունակում է ընդունվել, ճարպը սկսում է կուտակվել որովայնի խոռոչում՝ ներքին օրգանների շուրջ։ Այս երևույթը վտանգավոր է առողջության համար։ Կոչվում է ոչ առողջ ճարպակալում։ Աշխարհում ավելի քան 1 միլիարդ մարդու մոտ ախտորոշված է ճարպակալում, 2․5 միլիարդը ունեն քաշի ավելցուկ։ Հիվանդության հսկայական քանակը նպաստել է, որ միջազգային առողջապահական տարբեր կամակերպություններ խոսեն համաճարակի մասին։
Ճարպակալման դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ զրուցել ենք ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, ՀՀ ԱՆ մանկական էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատու, պրոֆեսոր Ելենա Աղաջանովայի հետ:
Բժշկուհին փաստում է. «Ճարպակալման հետևանքով կարող են առաջանալ շաքարային դիաբետ, սիրտ-անոթային և այլ հիվանդություններ։
Վտանգ կա նաև լյարդի վնասման։ Տարիներ առաջ եթե լյարդի ախտահարումը կապված չէր ալկոհոլի հետ, այն անվանվում էր ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն։ Հիմա այս եզրույթը հստակեցվել է, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ կարևոր օրգանի հիվանդությունը կախված է հիմնականում մետաբոլիկ փոփոխությունների հետ։ Այժմ՝ ախտին անվանում են մետաբոլիկ դիսֆունկցիա ասոցացված լյարդի ճարպային հիվանդություն։ Սա ևս համարվում է ճարպակալման բարդություններից մեկը, որը ցիրոզի զարգացման առաջին և ամենակարևոր պատճառներից է, եթե, իհարկե, մի կողմ դնենք վիրուսային դեպքերը, օրինակ՝ հեպատիտները»։
Պրոֆեսոր Աղաջանովան նշում է՝ ճարպակալման հետ ասոցացվում են նաև գինեկոլոգիական մի շարք հիվանդությունների ռիսկեր։ «Այն կանայք, որոնք ճարպակալում ունեն, կարող են խնդիրներ առաջանալ հղիանալու, հղիության ընթացքի հետ կապված։ Հղիության ընթացքում կարող է զարգանալ շաքարային դիաբետ, հոդային, նյարդաբանական բարդություններ»։
Այս պացիենտների մոտ բացի ֆիզիկականից վտանգված է նաև հոգեկան առողջությունը։ Հաճախ ճարպակալում ունեցողները բախվում են սոցիալական խնդիրների հետ, որոնք դրսևորվում են տարբեր միջավայրերում դժվար ադապտացիայով, սեփական մարմինը չընդունելով, բուլինգներով։
Ելենա Աղաջանովան ասում է՝ բուժումն արդյունավետ է, երբ պահպանված է հերթականությունը. «Հաճախ պացիենտները սկսում են բուժել հիվանդության պատճառով առաջացած բարդությունները՝ ստվերում թողնելով հիմքում ընկած խնդիրը՝ ճարպակալումը»։
Ճարպակալումն ունի աստիճաններ։ Մինչև 2025 թվականը դրանք 3-ն էին, որոնք չափվում են մարմնի զանգվածի ինդեքսով։ Սակայն նախորդ տարի Ճարպակալման միջազգային միությունը սահմանեց հիվանդության 2 աստիճան։ Ընդ որում, եթե պացիենտների մոտ գրանվում է 2-րդ աստիճանը, ապա անհապաղ բուժումն անխուսափելի է։
Ժամանակակից աշխարհում հիվանդության բուժման տարբեր մեթոդներ կան։ Կարևորելով դրանք, Աղաջանովան շեշտում է՝ բոլոր թերապիաների հիմքում ընկած է նույն գաղափարը։ «Ավելորդ կիլոգրամներից ձերբազատվելու համար պացիենտը պետք է փոխի ապրելակերպը, հրաժարվի սննդային սխալ վարքագծից, ապահովի ֆիզիկական բարձր ակտիվություն։ Այսինքն՝ ծախսել ավելի շատ էներգիա, քան ստանալ», հիշեցրեց բժիշկը։ Այս դեֆիցիտը լրացնելու համար օրգանիզմը կսկի օգտագործել «ճարպային բանկի» միջոցները։
Պետք է միմյանցից տարբերել «դիետան» և «ապրելակերպի փոփոխությունը»։ Կարող է թվալ, թե այս երկու արտահայտությունները նշանակում են միևնույն բանը, սակայն դա այդպես չէ։
«Դիետան ենթադրում է որոշակի ժամանակով սննդի սահմանափակում, որն ավարտվելու է, երբ անցնեն հստակ ժամկետները։ Իսկ ապրելակերպի փոփոխությունը նախատեսված է ամբողջ կյանքի համար։ Պացիենտները պետք է փոփոխեն սննդային սովորությունները, որոնք, ի դեպ, մեծամասամբ գալիս են ընտանիքից», ասում է Ելենա Աղաջանովան։
Այս դեպքում պետք է իջեցնել սննդօգտագործման կալորիականությունը։ Քաշը պահպանելու համար պետք է ծախսել այնքան կալորիա, որքան ստացել եք սննդից, իսկ նիհարելու համար՝ ստեղծել դեֆիցիտ։ Այսինքն՝ ստանալ քիչ, ծախսել շատ։ Իսկ դե գիրանալ կարելի է հակառակ տրամաբանությամբ։
Էներգիա շատ ծախսել հնարավոր է ապահովելով ռեգուլյար ֆիզիկական ակտիվություն։ Բժշկուհին հայտնում է, որ ժամանակակից մոտեցումներով այն պետք է լինի շաբաթական ոչ պակաս քան 300 րոպե, որը կարելի է բաշխել շաբաթվա 3-4 օրվա մեջ, միջակայքում թողնելով առավելագույնը 2 օր ընդմիջում։ Կարելի է զբաղվել յուրաքանչյուր սպորտաձևով՝ ըստ նախասիրությունների։
«Ճարպակալման բարձր աստիճաններ և ուղեկցող հիվանդություններ ունեցող պացիենտները հաճախ դժվարանում են զբաղվել ակտիվ սպորտաձևերով։ Նրանց խորհուրդ է տրվում սկսել հասարակ քայլքից, աստիճանաբար արագանալ, այնուհետև փորձել վազել, սակայն չառաջացնելով դիսկոմֆորտ։ Որևէ դեպքում չի կարելի բացառել ֆիզիկական ակտիվությունը, պետք է ուղղակի դոզավորել այն», հիշեցրեց Աղաջանովան, հավելելով․ «Ճարպակալում ունեցող պացիենտների ռեգուլյար ֆիզիկական ակտիվությունը կարող է մինչև 30%-ով իջեցնել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը»։
Իհարկե, ֆիզիկական ակտիվությունն ու ապրելակերպի փոփոխությունը ցանկալի է, սակայն միայն դրանցով ոչ բոլոր դեպքերում է հնարավոր իջեցնել մարմնի քաշը։ Այն պացիենտները, որոնք ճարպակալման բարձր հորիզոններում կամ դրանց մոտակայքում են, ունեն միջամտություններով օգնության կարիք։ Դա արվում է տարբեր մեթոդներով՝ դեղորայքային, վիրահատական և այլն։
«Ճարպակալման դեմ պայքարի համար նախատեսված որոշ դեղեր կան։ Դրանցից շատերն ընկճում են ախորժակը կամ աղիների կողմից ածխաջրերի, ճարպերի ներծծումը, բայց սրանք այդքան էլ էֆեկտիվ չէին։ Ազդում էին, բայց քիչ», դիտարկեց պրոֆեսորը։
Տարիներ առաջ էնդոկրինոլոգիական աշխարհում տեղի ունեցավ իրական հեղափոխություն․ հայտնվեցին նոր դեղերի խումբ, որոնք հիմնված են ինկրետինային հորմոնների վրա։ Դրանք արտադրվում են մեր աղեստամոքային տրակտում՝ նպաստելով արյան մեջ գլյուկոզայի կարգավորմանը։ Այս հորմոնները խթանում են ինսուլինի բարձրացմանը, արգելում՝ գլյուկագոնի արտադրությունը։ Այս դեղերը, ի սկբանե, ստեղծված էին որպես հակադիաբետիկներ։ Եվ, ի ուրախություն բոլորին, կարող ենք ասել, որ դրանք գործում էին էֆեկտիվ։ Կիրառման ընթացքում նկատվեց, որ այս դեղերը բացի գլյուկոզայի բալանսավորումից, զգալիորեն իջեցնում են նաև պացիենտների քաշը։
«Մարմնի զանգվածն իջնում է ախորժակի կորստի, ստամոքսից աղի սննդի դանդաղ անցման հետևանքով։ Բուժառուները ուշ են քաղցում, ուստի նաև կորչում է սննդի հանդեպ գայթակղությունը։ Ազդեցությունն այնքան մեծ էր, որ տարբեր երկրների գիտնականներ սկսեցին իրականացնել բազմակենտրոն հետազոտություններ՝ ուսումնասիրելով այս դեղորայքի ազդեցությունը ճարպակալման վրա։ Ի վերջո, պարզ դարձավ, որ անգամ եթե պացիենտը չունի շաքարախտ, կարելի է լիովին օգտագործել դեղորայքն ավելորդ կիլոգրամների դեմ մղվող պայքարում՝ չվախենալով շաքարի անհարկի իջեցումներից», մեջբերում է Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավարը։
2023-2025 թվականներին ԱՄՆ Սննդի և դեղորայքի վարչությունը հաստատեց այս դեղաձևերը, ինչը նշանակեց, որ դրանք կարելի է օգտագործել ամբողջ աշխարհում։ Ճարպակալման բուժման ուղեցույցերում կատարվեցին փոփոխություններ, հաշվի առնվեցին նաև այս դեղերը։
Դեղորայքն օգտագործելով բուժառուները կարող են նվազեցնել քաշը մինչև 20-25 %-ով, ասում է բժշկուհին։ Սակայն դիաբետ ունեցողների դեպքում այս թիվը կազմում է մինչև 15 %։ Այդպիսով՝ փոխվեցին նաև դիաբետի բուժման ուղեցույցերը։
Նախկինում նշվում էր, որ եթե շաքարային դիաբետ ունեցող պացիենտը նվազեցնի իր քաշի գոնե 5%-ը, ապա կլինեն մի շարք դրական ազդեցություններ՝ զարկերակային ճնշման, գլյուկոզայի իջեցում, խոլեստերինի ֆրակցիաների կարգավորում։ Ներկա ուղեցույցերը վկայում են՝ նվազման անհրաժեշտ քաշը կազմում է մինչև 15%, ինչը կարող է բերել գլյուկոզայի նյութափոխանակության լավացմանը, ընդհուպ մինչև շաքարային դիաբետի ռեմիսիայի՝ վերացմանը։ Սա իրատեսական է հիվանդության առաջնային փուլերում։
Դեղերը ներարկվում են ամսեկան 4, հետևաբար՝ շաբաթական 1 անգամ։ Դրանք դոզավորված են, նշանակվում են բժշկի կողմից և հսկողությամբ։
Ելենա Աղաջանովան նշում է․ «Արդյունավետությանը վերադառնալով, կարող ենք ասել,որ այս դեղախմբի էֆեկտիվությունը նպաստել է, որ դեղագործական ընկերությունները բարձրացնեն դեղերի դոզաները՝ մինչև 3 անգամ։ Տարբեր ընթացող և ավարտված հետազոտությունները փաստում են․ դեղերն անվտանգ են, եթե դրանք օգատագործվում են ճիշտ։ Անգամ կարող են դրական հետք թողնել սիրտ-անոթային և այլ համակարգերի վրա՝ սրտամկանից երիկամներ և լյարդ»։
Կողմնակի ազդեցություն, բնականաբար, ունեն՝ սրտխառնոցներ, ստամոքսի, որովայնի ցավեր, փորլուծություն, փորկապություն և այլն։ Սրանք անցնում են, հիմնականում, ներարկման հաջորդող 3 օրվա ընթացքում։
Բավականին հազվադեպ կարող է հանդիպել նաև ենթաստամոքային գեղձի սուր բորբոքում, սակայն միայն այն դեպքում, երբ պացիենտը նախկինում գեղձի հետ խնդիրներ ունեցել է։
Ուստի, դեղորայքային բուժման ցուցումից առաջ էնդոկրինոլոգներն ուսումնասիրում են առողջական վիճակի պատմությունները, նշանակում՝ գործիքային և լաբորատոր հետազոտություններ։
«Սակայն այս էֆեկտիվ դեղերից կան հրաժարվողներ մեկ պատճառով․ուզում են ուտել։ Այո՛, նրանք սննդին նայելիս ունենում են սրտխառնոցներ, անգամ՝ փսխումներ, ախորժակ չի լինում, սակայն ուտել սիրում են, ինչն էլ հաղթում է։ Փորձը ցույց է տալիս, որ այս պացիենտները բուժումը թողնում են անավարտ։ Կարող եմ ասել, որ որոշ ժամանակ հետո նրանցից շատերն անպայման վերադառնում են բժշկի մոտ, քանի որ պրեպարատների ընդունման ընդհատումից հետո, եթե չհետևել ճիշտ սննդակարգին, չապահովել ֆիզիկական բարձր ակտիվություը և, առհասակարան չփոխել ապրելակերպը, կորցրած կիլոգրամներն արագ վերադառնում են, որոշ դեպքերում՝ անգամներով շատ»։
Չկա ճարպակալման բուժման որևէ մեթոդ (լինի դա դեղորայքային, թե վիրաբուժական), որը նման է կախարդանքի։ Ամեն դեպքում՝ պացիենտը հսկայական անելիք ունի։ «Թերապիաներն օգնում են մարդկանց կանգնել ճիշտ ուղղու վրա։ Միայն բժշկական միջամտություններով կիլոգրամներն անվերադարձ չեն անհետանա։ Դրանց այլևս չտեսնելու համար պացիենտը պետք է առաջին հերթին գա այն ենթագիտակցության, որ հիվանդությունը չկանխարգելելով կամ չբուժելով կարող է հասնել մինչև անգամ մահվան», եզրափակեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ելենա Աղաջանովան։
Մարտի 4-ը ճարպակալման դեմ պայքարի օրն է։ Առողջ եղե՛ք, մարզվե՛ք, ճիշտ սնվե՛ք։

