Սեզոնային փոփոխություններով պայմանավորված՝ սուր շնչառական վարակներով երեխաների դիմելիությունը նվազել է: Սակայն զուգահեռ աճել է էնտերովիրուսային վարակների ակտիվությունը՝ ներառյալ կոկսակի վիրուսը, ջրծաղիկը, ինչպես նաև լուծով և ցանավորմամբ ուղեկցվող այլ ինֆեկցիաները:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ընդունարանն ու անհետաձգելի բուժօգնության կլինիկան շարունակում են բարձր հոսք գրանցել՝ ամռան ամիսներին ակտիվացող վարակների պատճառով, նշում է կլինիկայի ղեկավար Լիանա Նազարյանը՝ հավելելով, որը ընթացիկ տարում տարբեր խնդիրներով կլինիկա է դիմել շուրջ 11 000 փոքրիկ պացիենտ:
Ինչպե՞ս վարվել լուծի և փսխման դեպքում
Լուծի և փսխման առաջին ախտանշանների ի հայտ գալու հենց առաջին օրը անհրաժեշտ է դիմել բժշկի: Անհրաժեշտ է հիշել որ լուծը և փսխումները արագ զարգացնում են ջրազրկում որը հանդիսանում է վտանգի նշան:
Ծնողները պետք է ուշադիր լինեն և առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմեն առողջության պահպանման առաջնային օղակին՝ պոլիկլինիկայի բժշկին:
Կոկսակի վարակը կարող է արտահայտվել ինչպես ջերմությունով այնպես էլ առանց ջերմության: Ցանը ի հայտ է գալիս հիվանդության 2-3 օրից , հիմնականում ոտքերին , ձեռքերին , բերանի շուրջ , երբեմն բերանի խոռոչում :
Երբ է անհրաժեշտ անհապաղ դիմել բժշկի
- Եթե երեխայի մոտ զարգանում է փսխում, որը երկու ժամվա ընթացքում կրկնվում է:
- Եթե փսխումը զուգակցվում է լուծով, որը դառնում է շարունակական՝ առաջին 3-4 ժամում առավելագույնը 4-5 անգամ :
- Եթե երեխայի մոտ զարգանւմ է քնկոտություն , թուլություն , երեխան անկարող է խմել հեղուկներ ,հրաժարվում է սննդից :
Այս դեպքերում պարտադիր է դիմել բուժօգնության, անհրաժեշտ չէ սպասել կամ զբաղվել ինքնաբուժությամբ:
Ռիսկի խմբում են մինչև 5 տարեկան երեխաները:
Երբ կարելի է հետևել երեխային տնային պայմաններում
Եթե լուծն ու փսխումը մեղմ բնույթի են, երեխան ակտիվ է, չունի ջերմություն և չի հրաժարվում հեղուկներից, ապա նրան կարելի է հսկել տնային պայմաններում՝ պոլիկլինիկայի մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի հսկողությամբ և համապատասխան սիմպտոմատիկ բուժմամբ:
Խորհուրդներ ծնողներին՝ վարակի կանխարգելման համար
- Մրգերն ու բանջարեղենը պետք է մանրակրկիտ լվանալ և մշակել:
- Խուսափեք երեխայի արևի ուղիղ ճառագայթներից՝ կանխելու արևահարությունը:
- Լողավազան այցելելիս հետևեք հիգիենայի կանոններին. երեխաներին լողացրեք օճառով, հետևեք, որ ձեռքերը մշտապես լինեն մաքուր, սնունդը ընդունեն մաքուր ձեռքերով: