️Պսորիազը քրոնիկական բորբոքային հիվանդություն է, որի զարգացման մեջ կարևոր դեր ունեն իմունային համակարգը, գենետիկական նախատրամադրվածությունը և արտաքին միջավայրի գործոնները։
️Պսորիազը կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում՝ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների շրջանում։ Այն առավել հաճախ դրսևորվում է մաշկի կարմրած, թեփոտվող օջախներով, որոնք կարող են ուղեկցվել քորով, չորությամբ, երբեմն նաև ցավոտ ճաքերով։
Հոկտեմբերի 29-ը Պսորիազի համաշխարհային օրն է (World Psoriasis Day)։
Օրվա շրջանակում թեմային անդրադարձել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մաշկաբան, ԵՊԲՀ ասպիրանտ, ՔՈԲՐԵՅՆ գիտակրթական կենտրոնի կրտսեր գիտաշխատող Աննա Քեշիշյանը։
Մաշկային փոփոխությունները հիմնականում հանդիպում են գլխամաշկի, արմունկների, ծնկների և մարմնի այլ հատվածներում, սակայն հիվանդության կլինիկական պատկերը կարող է տարբեր լինել։
Ինչո՞ւ է առաջանում պսորիազը
Պսորիազի զարգացման հիմքում ընկած է իմունային համակարգի կարգավորման խանգարումը, որի հետևանքով մաշկում զարգանում է քրոնիկական բորբոքում և արագանում է մաշկի բջիջների նորացումը։
Բժշկի փոխանցմամբ՝ հիվանդության առաջացման գործում կարևոր նշանակություն ունի ժառանգական նախատրամադրվածությունը։
Միաժամանակ որոշ արտաքին գործոններ՝ սթրեսը, վարակները, մաշկի վնասվածքները և որոշ դեղամիջոցներ, կարող են նպաստել հիվանդության դրսևորմանը կամ սրացմանը։
Կարևոր է ընդգծել, որ պսորիազը վարակիչ չէ և չի փոխանցվում մարդուց մարդուն։
Պսորիազը երեխաների մոտ
Երեխաների մոտ պսորիազը կարող է ունենալ որոշակի կլինիկական առանձնահատկություններ։ Երբեմն մաշկային փոփոխությունները լինում են ավելի փոքր, պակաս արտահայտված թեփոտմամբ և կարող են տեղակայվել դեմքի, գլխամաշկի կամ մաշկային ծալքերի շրջանում։
Մանկական տարիքում պսորիազը երբեմն դժվար է տարբերակել ատոպիկ դերմատիտից, սեբորեային դերմատիտից և այլ մաշկային հիվանդություններից։ Հետևաբար վաղ և ճշգրիտ ախտորոշումը հատկապես կարևոր է։
Պսորիազի ախտորոշումն իրականացվում է մաշկաբանի կողմից՝ հիմնվելով կլինիկական զննման, հիվանդության պատմության, մաշկային փոփոխությունների բնույթի և ընտանեկան անամնեզի գնահատման վրա։
Անհրաժեշտության դեպքում կարող են իրականացվել լրացուցիչ հետազոտություններ՝ այլ հիվանդությունները բացառելու և պսորիազի հնարավոր ուղեկցող խնդիրները գնահատելու նպատակով։
Կարևոր է նաև հիշել, որ պսորիազը որոշ պացիենտների մոտ կարող է ուղեկցվել հոդերի բորբոքմամբ՝ պսորիատիկ արթրիտով։ Հետևաբար հոդացավերի, այտուցվածության կամ առավոտյան կարկամության առկայության դեպքում անհրաժեշտ է տեղեկացնել բժշկին։
Հնարավո՞ր է արդյունավետ բուժել պսորիազը
Թեև պսորիազը քրոնիկական հիվանդություն է, ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս արդյունավետորեն վերահսկել հիվանդությունը, նվազեցնել բորբոքումը և հասնել երկարատև լավացման։
Բուժման մոտեցումները ներառում են տեղային դեղամիջոցներ, իսկ միջին և ծանր դեպքերում՝ համակարգային և կենսաբանական թերապիայի ժամանակակից մեթոդներ։
Բուժումն ընտրվում է անհատական՝ հաշվի առնելով պացիենտի տարիքը, հիվանդության ծանրությունը, մաշկային փոփոխությունների տարածվածությունը և ուղեկցող առողջական խնդիրները։
Հատկապես երեխաների շրջանում կարևոր է ոչ միայն բուժման արդյունավետությունը, այլև դրա անվտանգությունը և երկարաժամկետ բժշկական հսկողությունը։
Հիշե՛ք․ պսորիազը վարակիչ չէ, իսկ ժամանակին ախտորոշումն ու ճիշտ ընտրված բուժումը կարող են զգալիորեն բարելավել կյանքի որակը։

