Գաստրոսկոպիան (վերին աղեստամոքսային էնդոսկոպիան, EGD) երեխաների մոտ կարևոր ախտորոշիչ մեթոդ է, որը թույլ է տալիս անմիջականորեն գնահատել կերակրափողի, ստամոքսի և տասներկումատնյա աղու լորձաթաղանթը, հայտնաբերել բորբոքումները, էրոզիաները, խոցերը, արյունահոսության աղբյուրը, ստրիկտուրաները և այլ կառուցվածքային փոփոխություններ, անհրաժեշտության դեպքում վերցնել բիոպսիա:
Բժիշկ-էնդոսկոպիստ, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Լիլիթ Ալեքսանյանը նշում է՝ շատ ծնողների համար գաստրոսկոպիա բառը կարող է անհանգստություն առաջացնել։ Սակայն մանկական գաստրոէնտերոլոգիայում այն իրականացվում է հստակ ցուցումներով և, սովորաբար, կարճատև անզգայացման պայմաններում։
Անհրաժեշտ է պարզել երեխայի գանգատների պատճառը կամ հաստատել/բացառել որոշակի հիվանդություն։
Հիմնական ցուցումներից են՝
- երկարատև կամ կրկնվող վերորովայնային ցավեր,
- կուլ տալու դժվարություն (դիսֆագիա) կամ սննդի «կանգնելու» զգացում,
- ցավոտ կուլ տալ (օդինոֆագիա),
- երկարատև սրտխառնոց և/կամ կրկնվող փսխումներ,
- վերին աղեստամոքսային տրակտից արյունահոսության կասկած՝ արյունային փսխում, մելենա,
- երկաթդեֆիցիտային անեմիա,
- բորբոքային կամ այլ օրգանական հիվանդության կասկածի դեպքում,
- ցելիակիայի կամ այլ հիվանդությունների դեպքում՝ հյուսվածաբանական գնահատման անհրաժեշտություն,
- կերակրափողի ստրիկտուրայի, օտար մարմնի կամ այլ մեխանիկական խոչընդոտի կասկած,
- էոզինոֆիլային էզոֆագիտի կասկած
- արդեն ախտորոշված հիվանդության ընթացքի գնահատման որոշակի դեպքեր։
Ժամանակակից մանկական էնդոսկոպիան հնարավորություն է տալիս ոչ միայն տեսնել, այլև անհրաժեշտության դեպքում՝
- կատարել թիրախային բիոպսիաներ,
- հայտնաբերել և որոշ դեպքերում հեռացնել օտար մարմիններ,
- իրականացնել արյունահոսության էնդոսկոպիկ հեմոստազ,
- կատարել որոշ այլ բուժական միջամտություններ։
Այսպիսով, որոշ իրավիճակներում գաստրոսկոպիան միաժամանակ կարող է լինել և՛ ախտորոշիչ, և՛ բուժական միջամտություն։ Ճիշտ ընտրված ցուցումների դեպքում գաստրոսկոպիան կարևոր և բարձրարժեք գործիք է մանկական գաստրոէնտերոլոգիայում, որը թույլ է տալիս անցնել «գանգատից» դեպի հստակ ախտորոշում և հիմնավորված բուժում։։

