|
  • Русский
  • English

Երբ է երեխային անհրաժեշտ կատարել գաստրոսկոպիա

Գաստրոսկոպիան (վերին աղեստամոքսային էնդոսկոպիան, EGD) երեխաների մոտ կարևոր ախտորոշիչ մեթոդ է, որը թույլ է տալիս անմիջականորեն գնահատել կերակրափողի, ստամոքսի և տասներկումատնյա աղու լորձաթաղանթը, հայտնաբերել բորբոքումները, էրոզիաները, խոցերը, արյունահոսության աղբյուրը, ստրիկտուրաները և այլ կառուցվածքային փոփոխություններ, անհրաժեշտության դեպքում վերցնել բիոպսիա:

Բժիշկ-էնդոսկոպիստ, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Լիլիթ Ալեքսանյանը նշում է՝ շատ ծնողների համար գաստրոսկոպիա բառը կարող է անհանգստություն առաջացնել։ Սակայն մանկական գաստրոէնտերոլոգիայում այն իրականացվում է հստակ ցուցումներով և, սովորաբար, կարճատև անզգայացման պայմաններում։

Անհրաժեշտ է պարզել երեխայի գանգատների պատճառը կամ հաստատել/բացառել որոշակի հիվանդություն։

Հիմնական ցուցումներից են՝

  • երկարատև կամ կրկնվող վերորովայնային ցավեր,
  • կուլ տալու դժվարություն (դիսֆագիա) կամ սննդի «կանգնելու» զգացում,
  • ցավոտ կուլ տալ (օդինոֆագիա),
  • երկարատև սրտխառնոց և/կամ կրկնվող փսխումներ,
  • վերին աղեստամոքսային տրակտից արյունահոսության կասկած՝ արյունային փսխում, մելենա,
  • երկաթդեֆիցիտային անեմիա,
  • բորբոքային կամ այլ օրգանական հիվանդության կասկածի դեպքում,
  • ցելիակիայի կամ այլ հիվանդությունների դեպքում՝ հյուսվածաբանական գնահատման անհրաժեշտություն,
  • կերակրափողի ստրիկտուրայի, օտար մարմնի կամ այլ մեխանիկական խոչընդոտի կասկած,
  • էոզինոֆիլային էզոֆագիտի կասկած
  • արդեն ախտորոշված հիվանդության ընթացքի գնահատման որոշակի դեպքեր։

Ժամանակակից մանկական էնդոսկոպիան հնարավորություն է տալիս ոչ միայն տեսնել, այլև անհրաժեշտության դեպքում՝

  • կատարել թիրախային բիոպսիաներ,
  • հայտնաբերել և որոշ դեպքերում հեռացնել օտար մարմիններ,
  • իրականացնել արյունահոսության էնդոսկոպիկ հեմոստազ,
  • կատարել որոշ այլ բուժական միջամտություններ։

Այսպիսով, որոշ իրավիճակներում գաստրոսկոպիան միաժամանակ կարող է լինել և՛ ախտորոշիչ, և՛ բուժական միջամտություն։ Ճիշտ ընտրված ցուցումների դեպքում գաստրոսկոպիան կարևոր և բարձրարժեք գործիք է մանկական գաստրոէնտերոլոգիայում, որը թույլ է տալիս անցնել «գանգատից» դեպի հստակ ախտորոշում և հիմնավորված բուժում։։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել