|
  • Русский
  • English

Դեռահասների մարզումն ու առողջությունը․ էնդոկրինոլոգի անդրադարձը

Դեռահասությունը օրգանիզմի ակտիվ աճի, հորմոնալ վերակառուցման և զարգացման կարևոր փուլ է։ Այս շրջանում ֆիզիկական ակտիվությունը պարզապես ժամանց չէ․ այն կարևոր է առողջ աճի, ոսկրերի ամրության, նյութափոխանակության, հորմոնալ հավասարակշռության և հոգեկան առողջության համար։

Այս թեմայի շուրջ զրուցել ենք բժիշկ-էնդոկրինոլոգ Իրինա Մուրադյանի հետ:

Ինչպե՞ս պետք է մարզվի դեռահասը, ի՞նչ ծանրաբեռնվածությամբ։

— Դեռահասներին խորհուրդ է տրվում ամեն օր առնվազն 60 րոպե միջինից մինչև բարձր ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն։ Լավ տարբերակներ են ակտիվ քայլքը, վազքը, լողը, հեծանիվը, թիմային խաղերը, պարը, ուժային վարժությունները՝ սեփական քաշով կամ տարիքին համապատասխան ծանրաբեռնվածությամբ։ Ուժային մարզումները անվտանգ են, եթե կատարվում են ճիշտ տեխնիկայով և մասնագետի վերահսկողությամբ։ Խորհուրդ չի տրվում վաղ տարիքում կատարել առավելագույն ծանրություններով վարժություններ։

Ինչպե՞ս կարող են հորմոնալ խանգարումները ազդել նիհարելու գործընթացի վրա։

— Հորմոնալ հիվանդությունները կարող են դժվարացնել քաշի նվազեցումը, սակայն հազվադեպ են ճարպակալման հիմնական պատճառը։

Ապրելակերպի սխալները հավելյալ քաշի ու ճարպակալման առաջացման հիմնական պատճառներն են։

Այնուամենայնիվ քաշի կարգավորման վրա կարող են ազդել՝

  • հիպոթիրեոզը՝ վահանագեղձի ֆունկցիայի նվազումը, որը դանդաղեցնում է նյութափոխանակությունը,
  • Կուշինգի համախտանիշը՝ կորտիզոլ հորմոնի ավելցուկը,
  • գիգանտիզմը՝ աճի հորմոնի ավելցուկը, որոնք կարող են առաջացնել արտահայտված քաշի ավելացում,
  • պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը (պոլիէնդոկրին մետաբոլիկ ձվարանային համախտանիշը) հանդիպում է աղջիկների մոտ և կարող է ուղեկցվել դաշտանային ցիկլի խանգարումներով, ինսուլինոռեզիստենտությամբ և քաշի նվազեցման դժվարությամբ,
  • ինսուլինոռեզիստենտությունը՝ օրգանիզմի բջիջների զգայունության նվազումը ինսուլինի նկատմամբ, որը հաճախ ուղեկցում է ճարպակալմանը և բերում նախադիաբետի կամ շաքարային դիաբետի,
  • ⁠հազվադեպ հանդիպող ճարպակալման գենետիկ ձևեր, հիմնականում հանդիպում են տարբեր համախտանիշների դեպքում,
  • որոշ դեղորայքի մշտական կամ երկարատև ընդունումը, որոնք ազդում են նյութափոխանակության վրա, օրինակ՝ գլյուկոկորտիկոիդները, որոշ հակադեպրեսանտները, հակապսիխոտիկ դեղորայքը,
  • ոչ հորմոնալ, բայց ոչ պակաս կարևոր՝ հոգեկան առողջության խնդիրները՝ քրոնիկական սթրեսը, տագնապը կամ դեպրեսիան կարող են նպաստել հուզական գերսնվելուն, նվազեցնել ֆիզիկական ակտիվությունը և դժվարացնել քաշի կարգավորումը։
    Եթե քաշի ավելացմանը զուգահեռ նկատվում են աճի դանդաղում, մշտական հոգնածություն, սեռական զարգացման կամ դաշտանային ցիկլի խանգարումներ, անհրաժեշտ է դիմել մանկական էնդոկրինոլոգի։

Առողջական տարբեր խնդիրների դեպքում ի՞նչ սահմանափակումներ կարող են լինել։

— Որոշ հիվանդությունների դեպքում մարզումները պետք է պլանավորվեն անհատապես.

  • 1-ին տիպի շաքարային դիաբետ: Անհրաժեշտ է վերահսկել արյան գլյուկոզան և ճիշտ պլանավորել ինսուլինն ու ածխաջրերը։
  • Հոդերի կամ ողնաշարի խնդիրներ: Նախընտրելի են լողը, հեծանիվը և բուժական մարմնամարզությունը։
  • Սրտանոթային հիվանդություններ: Մարզումների տեսակը և ծանրաբեռնվածությունը պետք է որոշվեն բժշկի հետ։

Ինչպե՞ս պետք է մարզվի ճարպակալում ունեցող դեռահասը։

— Պետք է սկսել աստիճանաբար։ Առաջին փուլում լավագույն
ընտրությունն են ակտիվ քայլքը, լողը, հեծանիվը և այլ ցածր հարվածային ծանրաբեռնվածությամբ մարզաձևերը։ Ֆիզիկական ակտիվությունը պետք է լինի կանոնավոր, իսկ ծանրաբեռնվածությունը՝ աստիճանաբար ավելանա։ Կարևոր է հիշել, որ ճարպակալման բուժման հիմքը առողջ սննդակարգի, ֆիզիկական ակտիվության, բավարար քնի, հոգեբանական աջակցության և անհրաժեշտության դեպքում՝ դեղորայքային բուժման համադրությունն է։

Ի՞նչ խորհուրդ կտաք ծնողներին։

— Եղե՛ք օրինակ ձեր երեխաների համար։ Ընկերակցեք երեխային զբոսանքի կամ մարզումների ժամանակ։ Թույլ տվե՛ք, որ դեռահասը ընտրի իրեն հետաքրքրող մարզաձևը, ոչ թե ձեր ուզածը։ Մի՛ գնահատեք հաջողությունը միայն կիլոգրամներով․ կարևոր են նաև առողջ սովորությունները, ուժը, դիմացկունությունը և ինքնավստահությունը։ Քաջալերե՛ք և տոնեք անգամ փոքրիկ հաղթանակաները։ Եթե նկատում եք անհիմն քաշի ավելացում, աճի դանդաղում, մշտական հոգնածություն կամ հորմոնալ խանգարման այլ նշաններ, դիմե՛ք մանկական էնդոկրինոլոգի։

Հիշե՛ք՝ ֆիզիկական ակտիվության նպատակը միայն նիհարելը չէ։ Այն բարելավում է տրամադրությունը, նվազեցնում է սթրեսն ու տագնապը, բարձրացնում է ինքնավստահությունը, լավացնում է քնի որակը, նպաստում է ոսկրերի և մկանների առողջ զարգացմանը և ընդհանուր բարեկեցությանը։ Առողջ ապրելակերպը ձևավորվում է ընտանիքում, իսկ մենք պատրաստ ենք աջակցել ձեզ այդ ճանապարհին։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել