«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի Ախտորոշիչ կենտրոնի ղեկավար Մարիաննա Գևորգյանը և բժիշկ-ռադիոլոգ Մելինա Ալոյանը մասնակցել են հունիսի 5-6-ը կայացած մասնագիտական միջոցառումների:
Հունիսի 5-ին կայացել է Ռադիոլոգիայի հայկական 8-րդ համագումարը, իսկ հունիսի 6-ին՝ ESOR Traumatic Emergency Radiology միջազգային կոնֆերանսը։
Մելինա Ալոյանը հանդես է եկել «Սոնոգրաֆիայի դերը մանկական որովայնացավի տարբերակիչ ախտորոշման մեջ» թեմայով զեկույցով, որը մեծ հետաքրքրություն և ակտիվ քննարկումներ է առաջացրել մասնակիցների, հատկապես ռադիոլոգների շրջանում։
Զեկույցում ներկայացվել են մանկական որովայնացավի հիմնական պատճառները, ինչպես նաև ուլտրաձայնային հետազոտության նշանակությունը ժամանակին և ճշգրիտ ախտորոշման գործում։ Քննարկումների ընթացքում հատուկ ընդգծվել են սոնոգրաֆիայի լայն հնարավորությունները և մեթոդի ճիշտ ու նպատակային կիրառման կարևորությունը, որոնք բազմաթիվ դեպքերում թույլ են տալիս արագ կողմնորոշվել և հասնել ճշգրիտ ախտորոշման։
Մասնագիտական քննարկումները ևս մեկ անգամ փաստեցին, որ սոնոգրաֆիան շարունակում է կարևոր դեր ունենալ մանկական որովայնացավի տարբերակիչ ախտորոշման ժամանակակից մոտեցումներում։






