|
  • Русский
  • English

Քայլ դեպի բժշկական օգնության նոր որակ. ESPGHAN-ի «Բժշկական օգնության նոր տեսակի անցում» արշավի ընթացքը գաստրոէնտերոլոգիայում

Բժշկական օգնության շարունակականության ապահովումը, հատկապես քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների համար ժամանակակից առողջապահության կարևոր մարտահրավերներից է: Այս ուղղությամբ Հայաստանում գաստրոէնտերոլոգիայի ոլորտում տարվող աշխատանքները ESPGHAN-ի (Մանկական գաստրոէնտերոլոգիայի, լյարդաբանության և սնուցման եվրոպական միության) հետ ընթացքի մեջ են:

Միանալով արշավին համալսարանական գաստորէնտերոլոգիական թիմը հիշեցնում է, որ 2025 թվականի հոկտեմբերին Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի ներքո ստեղծվել էր Մանկական գաստրոէնտերոլոգների և լյարդաբանների ստորաբաժինը, որը միավորում է հանրապետության մանկական գաստրոէնտերոլոգ, էնդոսկոպիստ և լյարդաբան 17 մասնագետների:

2025թ. դեկտեմբեր ամսին Մանկական գաստրոէնտերոլոգների ստորաբաժնի և Հայաստանի մանկաբույժների ասոցիացիայի կողմից կազմակերպվեց մանկական չորս և մեծահասակների երրորդային մակարդակի բԺշկական հինգ կենտրոնների գաստրոէնտերոլոգների առաջին հանդիպումը, որի ժամանակ ներկայացվեցին, քննարկվեցին և տարածվեցին ESPGHAN-ի վերը նշված արշավի մասնագիտական նյութերը` թարգմանված հայերեն:

«Բժշկական օգնության նոր տեսակի անցում» արշավը փետրվար և մարտ ամիսներին շարունակվում էր: Արշավի առանցքային ձեռքբերումներից է մանկական և մեծահասակների գաստրոէնտերոլոգների միջև սկսված համագործակցությունը: Փետրվար և մարտ ամիսներին ESPGHAN-ի ուղեցույցների ներկայացումը, քննարկումը և տարածումը (տպագիր և էլեկտրոնային տարբերակներով) շարունակվեց Երևան քաղաքի բժշկական տարբեր կենտրոնների գաստրոէնտերոլոգիական բաժանմունքներում` ընդգրկելով մասնագիտական ավելի լայն շրջանակ (55 հոգի):

Սակայն արշավի ծավալումը Հայաստանում հանդիպում է որոշակի դժվարությունների, քանի որ 18 տարին լրացած և մեծահասակ քրոնիկ ԳԷ պացիենտների դիսպանսեր բժշկական հսկողությունը դեռևս կարիք ունի կանոնակարգման: Բժիշկների կողմից ցուցաբերված հետաքրքրությունը, ակտիվությունը և բազմաթիվ դրական արձագանքները փաստում են, որ «Բժշկական օգնության նոր տեսակի անցման» արշավն արդիական է և կարիք ունի հետագա զարգացման:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել