|
  • Русский
  • English

Podcast-Հարց բժշկին. Աուտիզմը չի բուժվում, սակայն վաղ միջամտությունը կարող է էական փոփոխություն բերել

Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Աուտիզմը, որը հաճախ անվանում են նաև աուտիզմի սպեկտրի խանգարում, պայմանների բազմազան խումբ է, որոնք կապված են ուղեղի զարգացման հետ:

Աուտիզմը հիվանդություն չէ, այլ զարգացման առանձնահատկություն՝ դրանից չի կարելի բուժվել, դրանով չի կարելի վարակվել, դրանով չեն «տառապում»:

Օրվան ընդառաջ առկա խնդիրների, մարտահրավերների, առաջարկվող լուծումների և մի շարք կարևոր հարցերի շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում զրուցել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական բժիշկ-նյարդաբան, ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գիտաշխատող Թամարա Ավետիսյանի հետ:

«Մենք ասում ենք աուտիստիկ սպեկտրի խանգարում, որովհետև այն չի դրսևորվում մեկ միասնական ձևով։ Այն ունի տարբեր դրսևորումներ, և յուրաքանչյուրի դեպքում այն յուրահատուկ է։ Տարբեր են նաև թեթև և ավելի «ծանր» ձևերի միջև տարբերությունները, այդ պատճառով էլ այն անվանում ենք սպեկտր»,- նշեց Ավետիսյանը։

Վիճակագրության վերաբերյալ Ավետիսյանը նշեց, որ համաշխարհային տվյալներով՝ յուրաքանչյուր 100 երեխայից մեկն ունի աուտիզմ, իսկ ԱՄՆ-ում՝ յուրաքանչյուր 31 երեխայից մեկը։ Նրա խոսքով՝ Հայաստանի վերաբերյալ հստակ վիճակագրություն չկա, սակայն դեպքերը տարեցտարի աճում են։Խոսելով վաղ նշանների մասին՝ մասնագետն ընդգծում է, որ որոշ դեպքերում մինչև մեկ տարեկանը նույնպես կարող են նկատվել որոշակի առանձնահատկություններ, սակայն ոչ միշտ է հնարավոր այդ տարիքում հստակ ախտորոշում տալ։

«Հիմնական ախտորոշումը դրվում է մեկուկես տարեկանից հետո, երբ ի հայտ են գալիս հիմնական ախտանիշները։ Սակայն մինչև մեկ տարեկանը ծնողները հաճախ դիմում են՝ նշելով, որ երեխան չի ժպտում, չի արձագանքում, չի նայում աչքերի մեջ»,- նշել է նա։Ավետիսյանի խոսքով՝ նման դեպքերում արդեն առաջանում է մասնագիտական մտահոգություն, և ծնողներին խորհուրդ է տրվում ակտիվ զբաղվել երեխայի զարգացմամբ։

«Երբ ծնողը նշում է, որ երեխան չի արձագանքում իր անվանը, չի պահպանում աչքի կոնտակտը կամ դառնում է անհանգիստ, կամ հակառակը՝ պարփակվում է և չի ցանկանում շփվել, դա արդեն նախազգուշացնող նշան է»,- ասել է նա՝ հավելելով, որ նման դեպքերում սկսվում է վաղ միջամտություն։Միևնույն ժամանակ, բժիշկը շեշտում է, որ աուտիզմի վերջնական ախտորոշումը սովորաբար դրվում է երեք տարեկանից հետո։Խոսելով պատճառների մասին՝ նա ընդգծեց գենետիկ և շրջակա միջավայրի գործոնների համակցված ազդեցությունը։ «Ապացուցված է, որ գենետիկ գործոնը կարևորագույն դեր ունի, սակայն այն գործում է շրջակա միջավայրի ազդեցության հետ համատեղ։ Մինչ օրս չկա մեկ հստակ պատճառ, որը կբացատրի աուտիզմի առաջացումը»,- ասաց մասնագետը։

Ծնողների համար կարևոր խորհուրդներից մեկն, ըստ նրա, ախտորոշման ընդունումն է. «Ծնողները հաճախ դժվարությամբ են ընդունում ախտորոշումը՝ կարծելով, թե երեխան պարզապես ուշ է խոսում կամ «կապրիզ» է անում։ Սակայն աուտիզմի դեպքում խոսքի ուշացումը պայմանավորված է վարքային փոփոխություններով»,- նշեց նա։Ավետիսյանը հավելեց, որ երեխաները պետք է ընդգրկվեն տարբեր թերապիաների մեջ։«Առաջինը վարքային թերապիան է, լոգոպեդի աշխատանքը, ինչպես նաև օկուպացիոն թերապիան, որի միջոցով երեխան սովորում է առօրյա հմտություններ՝ ինքնուրույն ուտել, հագնվել, իրեն խնամել »,-ասաց մասնագետը:

Անդրադառնալով բուժման հնարավորություններին՝ մասնագետը շեշտեց, որ աուտիզմը բուժում չունի։«Ամբողջ աշխարհում չկա մեթոդ, որով հնարավոր է լիարժեք բուժել աուտիզմը։ Կան դեղամիջոցներ, որոնք կարող են մեղմացնել որոշ ախտանիշներ, օրինակ՝ գերհիպերակտիվությունը, սակայն բուժում՝ որպես այդպիսին, գոյություն չունի: Բայց շատ կարևոր է վաղ ախտորոշումը, որը հնարավորություն է տալիս վաղ միջամտություն իրականացնել, ինչի շնորհիվ հնարավոր է մեղմել վարքային որոշ դրսևորումներ»,- ընդգծեց նա։

Հասարակության վերաբերմունքի մասին խոսելով՝ մասնագետը նշեց, որ աուտիզմ ունեցող երեխաները հաճախ բախվում են ընդունման խնդիրների։

«Կրթական հաստատությունները պետք է ունենան համապատասխան մասնագետներ՝ հատուկ մանկավարժներ, հոգեբաններ, լոգոպեդներ, որոնք կաշխատեն այդ երեխաների հետ։ Չի կարելի նրանց մեկուսացնել, նրանք պետք է լինեն հասարակության լիարժեք մաս»,- ընդգծեց մանկական բժիշկ-նյարդաբանը։

Անդրադառնալով տարածված միֆերին՝ մասնագետը նշել է, որ հաճախ սխալ պատկերացում կա, թե աուտիզմ ունեցող երեխաները չեն հասկանում կամ չեն ընկալում. «Իրականում նրանք պարզապես այլ կերպ են արտահայտում իրենց զգացողությունները։ Նրանք յուրահատուկ են, և մենք պետք է ընդունենք նրանց այնպիսին, ինչպիսին կան՝ առանց տարանջատելու»:

Թեմայի շուրջ մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալու համար առաջարկում ենք լսել փոդքասթը:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել