Երեխաների մոտ ատամնաբուժական վախը հաճախ խոչընդոտում է ժամանակին բուժմանը, ինչը կարող է հանգեցնել բարդությունների։ Նման իրավիճակներում կիրառվում է ընդհանուր անզգայացում, որը հնարավորություն է տալիս բուժումն անցկացնել անվտանգ և առանց սթրեսի։
Ընդհանուր անզգայացմամբ բուժումը ցուցված է, երբ առկա է
- անհաղթահարելի վախ և համագործակցության բացակայություն,
- նևրոլոգիական խնդիրներ,
- մեծ ծավալի բուժման անհրաժեշտություն։
Ծառայությունն իրականացվում է Մուրացան համալսարանական հիվանդանոցային համալիր-ի թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկայում՝ փորձառու մանկական ստոմատոլոգների և անեսթեզիոլոգների թիմի կողմից։
- Ընդգրկվում են 2–18 տարեկան երեխաները։
- Մինչ միջամտությունը պարտադիր կատարվում են համապատասխան խորհրդատվություններ և լաբորատոր հետազոտություններ։
- Բուժումն իրականացվում է ինչպես վճարովի, այնպես էլ սահմանված կարգով՝ անվճար հիմունքներով։
Պոլիկլինիկայի ղեկավար, Երևանի պետական բժշկական համալսարան-ի մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի դասախոս Անահիտ Եղիազարյանի տեղեկացմամբ՝ հետազոտությունների արդյունքների հիման վրա որոշվում է միջամտության օրը և բուժման ծավալը։
Միջամտությունից հետո երեխաները մի քանի ժամ մնում են բժշկական հսկողության տակ, ապա դուրս գրվում՝ ստանալով հետվիրահատական խնամքի ցուցումներ և վերահսկիչ այցերի ժամանակացույց։
Ուշադրություն. աշխատանքային ժամեր երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9:00-ից 16:00:
Լրացուցիչ տեղեկությունների համար՝ 010 30 10 00, ներքին կոդ՝ 508։

