|
  • Русский
  • English

Վիրաբուժական կրթական դասընթացին մասնակցել են համալսարանական մասնագետները

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում օգոստոսի վերջին օրերին կայացել է «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 16-րդ դասընթացը», որը նվիրված էր նեոնատալ և մանկական վիրաբուժության արդի խնդիրներին։

Դասընթացն անցկացվեց Եվրոպական մանկական վիրաբույժների ասոցիացիայի (EUPSA) և Վրաստանի մանկական վիրաբույժների ասոցիացիայի (GPSA) նախաձեռնությամբ։

Դասընթացի հիմնական թեմաները վերաբերում էին նորածնային և մանկական վիրաբուժության արդի մոտեցումներին՝ առանձնահատուկ ուշադրությամբ նվազագույն ինվազիվ վիրաբուժությանը։

Մասնակիցներին տրամադրվեց շարունակական բժշկական կրթության (CME) վկայագիր։

Հայաստանը ևս ներկայացված էր մասնագետներով․ դասընթացին մասնակցեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Նիկոլայ Դալլաքյանը և նույն կլինիկայի բժիշկները։

«Մեծ ուրախությամբ և հպարտությամբ ցանկանում եմ կիսվել իմ տպավորություններով վերջերս կայացած Եվրոպական մանկական վիրաբուժական ասոցիացիայի կողմից կազմակերպված ուսուցողական կուրսից։ Հայ մանկական վիրաբուժական թիմը համալսարանական հիվանդանոցի բժիշկների հետ ակտիվ մասնակցություն դրսևորեց զեկույցների ժամանակ։ Վրաց կոլեգաները ջանք չէին խնայել բարձր մակարդակով կազմակերպելու թե՛ դասընթացը, թե՛ հյուրընկալությունը։ Մեծ սիրով հանդիպեցի պրոֆեսոր Մերաբ Բուաձեին, ում հետ Մոսկվայում ասպիրանտ էինք 1981-84 թվականներին»,-պատմում է Նիկոլայ Դալլաքյանը։

Զեկույցներ են ներկայացրել անվանի մանկական վիրաբույժներ՝ պրոֆեսորներ Անգլիայից, Գերմանիայից, Իտալիայից, Հոլանդիայից, Լեհաստանից։

«Շատ ուրախ էի հանդիպել Լոնդոնից պրոֆեսոր Ամուլիա Սաքսենայի հետ, որի հետ ծանոթացել եմ 1994 թվականին Գերմանիայի Մյունստերի համալսարանական կլինիկայում վերապատրաստվելիս։ Նա այդ ժամանակ ռեզիդենտուրա էր անցնում, իսկ հիմա ոլորտի առաջատարներից է։ Հուսով եմ, հանդիպումը պատահական չէր և մեր համագործակցությունը լուրջ զարգացումներ կունենա։ Բավականին հետաքրքիր և ուսուցողական զեկույցներ լսեցինք, ունեցանք թեժ քննարկումներ, կիսվեցինք մեր հարուստ փորձով։ Հարկ եմ համարում նշել, որ ներկայացված էնդոսկոպիկ վիրահատությունների մեծ մասը կատարվում է Հայաստանում իմ սաների կողմից և ապագայում ավելի լայն ներդրում կունենան համալսարանական վիրաբուժական կլինիկայում»,— մանրամասնում է Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկայի ղեկավարը։

Նշենք, որ այսպիսի միջազգային հավաստագրված կրթական հարթակները նպաստում են փորձի փոխանակմանը, գիտական նոր ձեռքբերումների տարածմանը և մանկական վիրաբուժության զարգացմանը տարածաշրջանում։

 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել