|
  • Русский
  • English

Ֆոսֆորի և մագնեզիումի մակարդակի հսկողությունը կարևոր է հատկապես երեխաների համար

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի կլինիկական ախտորոշիչ լաբորատորիան առաջարկում է լաբորատոր հետազոտությունների լայն սպեկտր, որոնց շարքում առանձնակի կարևորություն ունի արյան շիճուկում ֆոսֆորի և մագնեզիումի մակարդակի ախտորոշումը։

ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի դոցենտ, կ․գ․թ․,  Կենսաքիմիական լաբորատորիայի բժիշկ-լաբորանտ Նաիրա Բարսեղյանի փոխանցմամբ` ֆոսֆորը և մագնեզիումը կարևոր հանքանյութեր են, որոնք ապահովում են ոսկորների ամրությունը, նյարդամկանային հաղորդականությունը և էներգետիկ փոխանակումը։

Ֆոսֆորի անալիզ՝ առաջարկվում է հատկապես երեխաներին, որոնց մոտ առկա է աճի դանդաղում, ոսկրային ցավեր, ատամների խնդիրներ կամ մկանային թուլություն։

Մագնեզիումի անալիզն անհրաժեշտ է, եթե երեխայի մոտ նկատվում են ջղաձգումներ, տրամադրության անկում, նյարդային գրգռվածություն կամ մարսողական խնդիրներ։

Նորմայի մակարդակների տատանումները հակիրճ ներկայացված են ստորև։

 Ֆոսֆորի և մագնեզիումի մակարդակի շեղումները արյան շիճուկում

Հիպոֆոսֆատեմիա (ֆոսֆորի ցածր մակարդակ)

Պատճառներ՝

  • Անբավարար սնուցում (D վիտամինի պակաս, անորեքսիա)
  • Երկարատև փորլուծություն
  • Թիրեոիդ հորմոնների բարձր մակարդակ
  • Քրոնիկ հիվանդություններ (շաքարային դիաբետ, երիկամային հիվանդություններ)

Ախտանշաններ՝

  • Մկանային թուլություն, հոգնածություն
  • Ոսկրերի փխրունություն, երեխաների աճի դանդաղում
  • Նյարդաբանական խանգարումներ (շփոթվածություն, ցնցումներ)

Հիպերֆոսֆատեմիա (ֆոսֆորի բարձր մակարդակ)

Պատճառներ՝

  • Երիկամային անբավարարություն
  • Չարորակ նորագոյացություններ
  • Դիետայում ավելորդ ֆոսֆոր (գազավորված ըմպելիքներ, մշակված մթերքներ)

Ախտանշաններ՝

  • Ոսկրերի կալցիումի կորստի ռիսկ
  • Մկանային ցնցումներ, մաշկի քոր
  • Սրտային խանգարումներ (արիթմիա)

Հիպոմագնեզեմիա (մագնեզիումի ցածր մակարդակ) 

 Պատճառներ՝

  • Ոչ ճիշտ սնուցում (առանց մագնեզիումի դիետա)
  • Սթրես, քրոնիկ հիվանդություններ
  • Միզամուղ դեղերի ընդունումԱխտանշաններ՝
  • Ջղաձգումներ, մկանային ցավեր
  • Բարձր նյարդային գրգռվածություն
  • Սրտի ռիթմի խանգարումներ

Հիպերմագնեզեմիա (մագնեզիումի բարձր մակարդակ) 

Պատճառներ՝

  • Երիկամային անբավարարություն
  • Մագնեզիում պարունակող հավելումների չարաշահում

Ախտանշաններ՝

  • Նվազած արյան ճնշում, սրտխառնոց
  • Դանդաղ շնչառություն, գիտակցության խանգարումներ

Ամփոփելով` լաբորատոր ախտորոշման մասնագետն ընդգծում է, որ ֆոսֆորի և մագնեզիումի մակարդակի հսկողությունը կարևոր է հատկապես երեխաների համար, քանի որ դրանք ազդում են աճի, նյարդային համակարգի և ոսկրային առողջության վրա։

Ցանկացած կասկածի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի և անցնել համապատասխան հետազոտություններ։ Կլինիկական դեպքից ելնելով՝ նշանակվում են նաև լրացուցիչ հետազոտություններ։

Խնդրում ենք չհետաձգել այցելությունը, եթե նկատում եք նշված ախտանշանները։ Մաղթում ենք առողջություն և ներդաշնակ զարգացում մեր փոքրիկներին։

 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել