|
  • Русский
  • English

Սրտի աղմուկ. տեսակներն ու պատճառները

Շատ հաճախ մանկաբույժի հերթական այցելությունից հետո պարզվում է, որ երեխայի սրտում աղմուկ կա։ Այդ լուրը առաջացնում է տագնապ ծնողների շրջանում, սակայն միշտ չէ, որ աղմուկը անհանգստանալու առիթ է։ Երեխայի սրտի շրջանում լսված աղմուկը մանկական սրտաբանին դիմելու ամենատարածված պատճառներից մեկն է։

Ախտորոշիչ կենտրոնի սրտաբան-էխոկարդիոգրաֆիստ Հասմիկ Եղիազարյանի խոսքով՝ տարբերվում են սրտի ֆունկցիոնալ (անմեղ) և օրգանական (պաթոլոգիական) աղմուկներ։

Կարևոր է ուշադրություն դարձնել աղմուկի բնույթին, տեմբրին և տևողությանը:

Ֆունկցիոնալ աղմուկը կապված չէ սրտի կառուցվածքային խնդիրների հետ և հանդիսանում է երեխաների սիրտ-անոթային համակարգի ֆիզիոլոգիական առանձնահատկությունը։ Դրանք նուրբ են, դզզացող բնույթի, տևողությունը՝ կարճ, փոփոխվում են կախված մարմնի դիրքից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հաճախ թուլանում են, անհետանում:

Օրգանական կամ պաթոլոգիական աղմուկները կարող են լինել բնածին (կապված սրտի բնածին արատների հետ) և ձեռքբերովի (պայմանավորված տարբեր հիվանդությունների հետևանքով սրտի փականների ախտահարմամբ)։

Պաթոլոգիական աղմուկները կոպիտ են, կոշտ, տևողությունը՝ երկար, մարմնի դիրքից կախված չեն փոփոխվում, ուժեղանում են ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:

Պաթոլոգիական աղմուկների ժամանակ կարող են լինել մի շարք գանգատներ.

  • թուլություն, հոգնածություն, ցածր ֆիզիկական ակտիվություն
  • առատ քրտնարտադրություն
  • ցիանոզ
  • մարմնի քաշի նվազում, աճի դանդաղում, ախորժակի անկում

Երբեմն նման գանգատների առկայության դեպքում սրտում աղմուկ չի լսվում, բայց դա չի բացառում արատի առկայությունը։

Մասնագետի հավելմամբ՝ սրտային աղմուկների վերջնական պատճառը ախտորոշվում է էխոկարդիոգրաֆիայի միջոցով։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել