Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում 2024 թվականի 2-րդ շաբաթվա ավարտին շարունակում է մնալ բարձր և գերազանցում է սահմանված շեմը ԵՄ/ԵՏՄ երկրների մեծ մասում:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում, որը բժշկական օգնության ծառայություններ է մատուցում ինչպես Երևանի, այնպես էլ հանրապետության մարզերի բնակչությանը, ս/թ հունվարի 23-ի դրությամբ բուժօգնություն են ստանում սուր շնչառական հիվանդություններով ընդունված 0-4 տարեկան 81 երեխա, որոնցից միայն 2-ի մոտ է արձանագրվել կորոնավիրուսային վարակ:
Ի դեպ, եթե այս ցուցանիշը համեմատենք հունվարի 7-ի տվյալների հետ, ապա կարող ենք ասել, որ արձանագրվել է շուրջ 32%-ով սուր շնչառական վարակով 0-4 տարեկան երեխաների հոսպիտալացումների թվի նվազում:
Հիվանդանոցային համալիրի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում «Թոքաբորբ» ախտորոշմամբ հունվարի 23-ի դրությամբ բուժօգնություն է ստանում 26 երեխա, որը, սակայն, շուրջ 62%-ով գերազանցում է հունվարի 7-ի դրությամբ նույն ախտորոշմամբ հոսպիտալացված 0-4 տարեկան երեխաների թվին: Այս դեպքերը արդեն բարդացած վիրուսային վարակի դեպքերն են, որոնք կարող են կրել ինչպես վիրուսային, այնպես էլ բակտերիալ բնույթ:
Պետք է նշել, որ այս ցուցանիշները հիմնականում համապատասխանում են մեր երկրում գրանցված նախորդ տարվա ցուցանիշներին:
Սիրելի’ քաղաքացիներ, հորդորում ենք սուր շնչառական հիվանդությունների ախտանշանների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, չօգտագործել հակաբիոտիկներ, դիմել առողջության առաջնային պահպանման օղակի Ձեր բժշկին: Ավելորդ չենք համարում նաև ևս մեկ անգամ հիշեցնել շնչառական էտիկետի, ձեռքերի հիգիենայի և դիմակների առկայության կարևորությունը վարակի առաջին իսկ ախտանիշների դեպքում:
Ինչպես նաև հիշեցնում ենք, որ սեզոնային գրիպից, կորոնավիրուսից պաշտպանվելու լավագույն տարբերակը շարունակում է մնալ պատվաստումը:
Եղեք առողջ և տեղեկացված:

