|
  • Русский
  • English

Նախատոնական խորհուրդներ մանկաբույժ Կարինե Սիմոնյանից

Նոր տարին երեխաների սիրելի տոներից է: Վստահ ենք, ծնողներին պետք կգան այն խորհուրդները, որոնք ներկայացնում է Մանկաբուժության թիվ 1 կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Սիմոնյանը:

Եվ այսպես, ինչպե ՞ս անցկացնել տոնական օրերն առանց հիվանդանալու ռիսկերի

Եթե Ձեր երեխան ունի ալերգիա, հիշե՛ք, որ տոնածառը, ինչպես բնական, այնպես էլ արհեստական, կարող է նպաստել ալերգիայի սրացմանը։

Բնական եղևնին կարող է պարունակել փոշի, բորբոսներ, միջատներ, ցողված լինել վնասատուների դեմ պայքարի համար նախատեսված հեղուկով։

Խորհուրդ է տրվում լվանալ այդպիսի եղևնին տաք ջրով, չորացնել, հետո միայն տեղադրել և զարդարել։

Արհեստական եղևնիները ևս կարող են երեխայի մոտ ալերգիայի սրման պատճառ հանդիսանալ։ Դրանք նույնպես պետք է լվանալ, ինչը համեմատաբար ավելի հեշտ է, և հեռացնել եղևնու վրա նստած փոշին։

Բացի այդ, այդպիսի եղևնիները կարող են մշակված լինել հատուկ հոտավետ նյութերով, սոճու բույրով, որոնց նկատմամբ երեխան կարող է ալերգիա ունենալ։

Կարևոր է հիշել, որ ալերգիկ ռեակցիան կարող է դրսևորվել ոչ միայն մաշկի վրա ցանով, քորով, փռշտոցով և հազով, այլև կյանքին սպառնացող իրավիճակով՝ Կվինկեի այտուցի տեսքով։

Անհնար է ամեն ինչ կանխատեսել, այդ պատճառով ձեռքի տակ պետք է ունենալ բժշկի կողմից նշանակված հակահիստամինային դեղամիջոցներ, լավագույնը՝ հեղուկ վիճակում, քանի որ դեղն այդ վիճակում ավելի արագ է ներծծվում օրգանիզմի կողմից, ինչպես նաև համապատասխանում է և՛ երեխաներին, և՛ մեծահասակներին։

Մասնագետի խոսքով՝ խաղալիքների ընտրությանը ևս անհրաժեշտ է պատասխանատվությամբ մոտենալ։

Պրոֆեսոր Սիմոնյանը նախազգուշացնում է հատկապես խաղալիք զենք գնելու վերաբերյալ, քանի որ փամփուշտները կարող են ներթափանցել երեխայի աչքի մեջ կամ այլ լուրջ վնաս պատճառել։

Բոլորին մաղթում ենք ուրախ, անհոգ և առողջ օրեր:

 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել