Անցած 11 ամսվա ընթացքում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի սանավիացիայի կանչերը 621 էին, մեծ մասը` 78.7 տոկոսը` հանրապետության մարզերից:
ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ մանկական անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կուրսի ղեկավար, Նեոնատոլոգիայի ամբիոնի դասախոս Հրանտ Կալենտերյանը նշում է, որ ժամանակակից տերմինաբանությամբ` բժշկական տրանսպորտ համարվող համալսարանական ռեանիմոբիլները սպասարկում են ծանր հիվանդություն ունեցող նորածիններին: Բժիշկն ընդգծում է, որ 95 տոկոս դեպքերում հաջողվում է փրկել փոքրիկների կյանքը:
Անկախ եղանակային պայմաններից, հեռավորությունից, օրվա ցանկացած ժամից, արտագնա ծառայությունը, հաղթահարելով դժվարանցանելի ճանապարհներն ու հարյուրավոր կիլոմետրեր, շարունակում է իրականացնել նորածիններին առողջություն վերադարձնող, փրկող ամենօրյա կարևոր առաքելությունը: Բժիշկ Կալենտերյանը մատնանշում է` այսօր իր ղեկավարած թիմի շնորհիվ ապաքինված փոքրիկն ապագա դպրոցականն է, նոր սերունդ, հետևաբար այս աշխատանքը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի:
Ռեանիմոբիլները տարվա կտրվածքով ուղևորվում են Հայաստանի բոլոր մարզեր, հաճախականությունը պայմանավորված է տվյալ մարզի բնակչության թվով: Ծառայության միջոցով երրորդ մակարդակի վերակենդանացման բաժանմուքններ ունեցող բժշկական կենտրոններ են տեղափոխվում ամենածանր առողջական վիճակում գտնվող նորածինները:
Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավարը նշում է, որ տեղափոխման շնորհիվ փոքրիկ պացիենտներին տրամադրվում է բուժօգնություն անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած մասնագիտացված բժշկական կազմակերպություններում:

