Օրեր առաջ կյանքից վաղաժամ հեռացավ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի բուժքույր Գոհար Փետևոտյանը:
Գործընկերոջ կորուստն անսպասելի և անժամանակ էր բոլորի համար:
Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանի ղեկավարմամբ է բժշկական թիմի կազմում Գոհարը 2011 թվականին նախկին Թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի Մանկական վերակենդանացման կլինիկայից տեղափոխվել համալսարանական հիվանդանոց:
«Մեր կլինիկայի լավագույն բուժքույրերից էր: Միշտ ուրախ, ժպտերես, որևէ բանից չէր ընկճվում, կատակասեր էր, պարտաճանաչ», — աշխատակցին բնորոշելով՝ նշում է Հրանտ Կալենտերյանը:
Կլինիկայում աշխատանքը փոքրիկների հետ էր, որոնց հանդեպ, «Մուրացան» համալիրի գլխավոր բուժքույր Անահիտ Օհանյանի փոխանցմամբ, Գոհարը գերուշադիր էր և հոգատար:
«Արտակարգ մարդ էր, սիրված ընկեր: Համեստ էր, հավասարակշռված, ինչը շատ կարևոր էր աշխատանքում: Բազմաթիվ դրական հատկանիշներ էր կրում, լուսավոր էր», — հավելում է տիկին Անահիտը` խորը կսկիծով խոսելով կյանքից վաղ հեռացած կրտսեր կոլեգայի մասին:
Համալսարանական հիվանդանոցի անձնակազմի անունից մեր ցավակցությունն ենք հայտնում Փետևոտյանների ընտանիքին և հարազատներին:




