Գավառի պետական բժշկական քոլեջի 20 ուսանող այցելել էր «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր` ծանոթանալու բուժման նորագույն տեխնոլոգիաներին։ Նպատակը համալիրի Խաղաթերապիային, հոգեբանական ծառայությանը ծանոթանալն էր:
Հյուրերին ողջունեց գլխավոր բժիշկ, Բոքսային բաժանմունքի ղեկավար Հռիփսիմե Ապրեսյանը, Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանը, Մանկաբուժության թիվ 1 կլինիկայի ղեկավար Կարինե Սիմոնյանը, ներկա էր նաև մանկական ինֆեկցիոնիստ Սուրեն Բրուտյանը։ Համալիրի խաղաթերապիայի և հոգեբանական ծառայությունը ներկայացրեց կաբինետի պատասխանատու, հոգեբան Օլյա Մուսոյանը: Ներկայումս բացի նրանից թիմի անդամներն են հատուկ մանկավարժ Տաթև Թարոյանը, կամավոր Ակսինիա Դեկավլեն: Հյուրերին ողջունեց նաև հիվանդանոցային ծաղրածու Զիզին։
Նշենք, որ Խաղաթերապիայի ծառայությունը հիմնադրվել է շվեդական բարեգործական կազմակերպության կողմից 2004 թվականին:
Հանրապետությունում գործող միակ խաղաթերապիայի կաբինետի նպատակն է ստեղծել ջերմ և անկաշկանդ մթնոլորտ՝ բուժում ստացող երեխաների բուժման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։ Խաղաթերապիայի կաբինետը հյուրընկալում է հիվանդանոցում բուժում ստացող երեխաներին։ Փորձում է երեխաներին որոշ չափով շեղել հիվանդանոցային ճնշող միջավայրից։ Կաբինետում իրագործվում է հանրապետությունում նախադեպը չունեցող մեթոդ՝ խաղաթերապիա։
Աշխատանքներում ընդգրկված է ծաղրածուի ծառայությունը, որը երեխաների հետ մասնակցում է բոլոր բուժական միջամտություններին, օգնում Է նրանց հաղթահարելու վախն ու դժվարությունները։ Հատկանշական է այն փաստը, որ նման մեթոդը նախադեպը չի ունեցել և առաջին անգամ կիրառվել է այս հենց մեր համալսարանական բուժհաստատությունում։
Հոգեբանի աշխատանքի առանցքում են անհատական և խմբային, թերապևտիկ աշխատանքի մեթոդները: Այս մասնագետի դերը մուլտիդիսցիպլինար թիմում փոքրիկ բուժառուների լացի, վախի, այլ հոգեբանական խնդիրների հաղթահարումն է:













