Դիաբետի պատմությունից մինչև ախտորոշման և բուժման մերօրյա մոտեցումներ ու մեթոդներ. հագեցած միջոցառումը նոյեմբերի 14-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրի հարկի տակ էր համախմբել 1-ին տիպի շաքարային դիաբետ ունեցող 4-ից 18 տարեկան շուրջ 70 երեխայի, որոնք հաշվառված են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական էնդոկրին դիսպանսերային ծառայությունում:
2020 և 2021 թվականներին համավարակով, պատերազմով պայմանավորված՝ ավանդական այս միջոցառումը չէր կայացել, երկար դադարից հետո դիաբետ ունեցող, ինչպես նաև այդ պահին Էնդոկրինոլոգիայի կլինիկայում բուժում ստացող փոքրիկ բուժառուները հնարավորություն ունեցան մասնակցելու նրանց համար կազմակերպված հերթական միջոցառմանը:
«Մեր գլխավոր նպատակն է, որպեսզի դիաբետ ունեցող երեխաները հասկանան, որ հիվանդանոց պետք է այցելել ոչ միայն բուժման համար: Մեզ համար կարևոր է, որպեսզի նրանք նաև ծանոթանան, շփվեն միմյանց հետ», — մանրամասնում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Ելենա Աղաջանովան:
Միջոցառումը նա սկսել էր երեխաների և նրանց ծնողների համար դիաբետին, այս հիվանդության դեմ պայքարին նվիրված ինֆորմատիվ զեկույցով: Խոսելով փաստերով և օրինակներով՝ պրոֆեսոր Աղաջանովան մատնանշել էր տարբեր բնագավառների այն անվանիներին, որոնք անկախ դիաբետ ունենալու հանգամանքից կարողացել են հասնել մեծ նվաճումների, ապրել են երկար և լիարժեք կյանքով:
Դիաբետի դեմ պայքարի միջազգային օրը ևս մեկ առիթ էր համալսարանական մասնագետների համար բարձրաձայնելու այն մասին, որ դիաբետը, ինչպես շատ այլ ոչ վարակիչ հիվանդություններ, պահանջում է թիմային մոտեցում և պացիենտ-բժիշկ ամուր համագործակցություն, վստահություն:
Դիաբետ ունեցող մարդիկ պետք է ձգտեն վերահսկել իրենց առողջությունը, քանի որ բուժման արդյունավետության միայն 5%֊ն է կախված բժշկից, իսկ 95%֊ը` բուժառուից։
Պատմական զեկույցում ընդգծվեց, որ ժամանակակից աշխարհում բժշկագիտության նվաճումների, դրանց արդյունավետ կիրառման շնորհիվ այսօր դիաբետից երեխաները չեն մահանում, հնարավոր է վերահսկել նրանց կյանքի որակը ու բարելավել այն:
Երկու տարիքային խմբի համար մրցանակներ ունեցող վիկտորինաներով, ասմունքով, գեղարվեստական մարմնամարզության համարով, նաև դերասանուհի Ժաննա Բուտուլյանի հյուրընկալությամբ, հիվանդանոցային ծաղրածուի այցով, յուրաքանչյուր բուժման գործընթացում խիստ անհրաժեշտ դրական լիցքերով, ժպիտներով ու լավատեսությամբ էր լեցուն ցերեկույթը:
Նշենք նաև, որ նոյեմբերի 15-ին՝ Գյումրու պետական բժշկական քոլեջում, տեղի ունեցավ սեմինար-հանդիպում «Կաթիլ» հիմնադրամի, պրոֆեսոր Ելենա Աղաջանովայի և Էնդոկրինոլոգիայի կլինիկայի բժիշկ, ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս Գայանե Բայբուրդյանի հետ: Հանդիպումը քույրական և մանկաբարձական գործի մասնագետների համար էր` ուղղված գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանը:













