|
  • Русский
  • English

Տարիքային ճգմաժամեր. ինչպես վարվել․ կարևոր խորհուրդներ մասնագետից

Եթե ձեր երեխան տարօրինակ ու կտրուկ կերպով փոխվել է, դուրս եկել ամիսների չարչարանքով ձևավորված ռեժիմից ու դրսևորում է անհասկանալի վարքագիծ, ապա դուք գործ ունեք տարիքային ճգնաժամի կամ ռեգրեսի հետ։ Որքան էլ նոր ունակության ձեռքբերումը լինի ուրախալի ու ոգևորող, միաժամանակ այն բավականին սթրեսածին է։

ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասպիրանտ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Անհետաձգելի բուժօգնության ծառայության մանկաբույժ Աննա Մխիթարյանն ընդգծում է` պետք չէ ահաբեկվել. սա նշանակում է, որ ձեր երեխան, զարգացման ևս մի փուլ հաղթահարած, առաջ է շարժվում։

Ռեգրեսը կարող է դրսևորվել տարբեր կերպ, բայց հիմնական բնորոշող նշանը երեխայի կամակորություններն են, նա ասես փոքրացած, հետզարգացում ապրած լինի։ Այլ նշաններից են` քնի, ուտելու հետ կապված հրաժարումները կամ խախտումները, տրամադրության կտրուկ փոփոխությունները, որոշ ունակությունների մոռացությունը (խոսել, քայլել, զուգարանային վարժանքներ) և այլն։ Տարիքային ճգնաժամերը կարող են հանդիպել ցանկացած հասակում. սկսած 1-3 տարեկանից մինչև դպրոցահասակ շրջան, հնարավոր է՝ ունենան ոչ հստակ դրսևորումներ. օրինակ` ուղեկցվեն միայն հաճախակի լացով, ավելի հաճախ կերակրվելու պահանջով, կամ թե` 3տ. ճգնաժամի ընթացքում երեխան ուղղակի հրաժարվի կատարել առօրյա այն պարզ ցուցումները, որոնք մինչ այդ իրականացնում էր։ Ինչ է պետք անել ճգնաժամի դեպքում.

Աջակցեք. ցույց տվեք Ձեր փոքրիկին, որ նա ապահով է ու պաշտպանված։

Մի’ բարկացեք նման վարքագծային փոփոխությունների վրա։ Հասկացրեք, որ նկատել եք այդ փոփոխությունները, բայց առանց կշտամբելու։

Հաճախ օգնության են հասնում բազմատեսակ խաղերը։ Դրանք շեղում են երեխայի ուշադրությունը և ստեղծում պայմաններ հույզերն արտահայտելու համար։

  • Զրուցեք երեխայի հետ, փորձեք հանգստացնել, բացատրել։ Դեպքերի մեծամասնությունում տարիքային այս ճգնաժամերը տևում են մի քանի շաբաթ (2-3շ.), չնայած դա էլ խիստ անհատական է և տարբեր յուրաքանչյուր երեխայի համար։

Հարգելի ծնողներ, հիշեք,ամենակարևորը` ձեր լիարժեք աջակցությունն ու ըմբռնումն է։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել