|
  • Русский
  • English

Վիտամինների և միներալների օգտագործման դեպքում խիստ կարևոր է երեխայի առողջությանը չվնասելու սկզբունքը. մաս 2

Սիրելի ծնողներ, շարունակելով վիտամինների և միներալների թեման` Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանն այս անգամ անդրադառնում է միներալներին: Միներալների, ինչպես և վիտամինների օգտագործման, կիրառման դեպքում բժիշկը կարևորում է երեխայի առողջությանը չվնասելու սկզբունքը, քանի որ մեր օրգանիզմը վիտամինների և միներալների քիչ քանակության կարիք ունի, շատը ոչ միշտ է լավ այս դեպքում:

Մեծ քանակը կարող է լինել վտանգավոր, մասնավորապես ճարպալույծ վիտամինների մեծ քանակը կարող է հանգեցնել գերդոզավորման և որոշ դեպքում կարող է դժվար ընթացքով, դժվար բուժվող հիվանդությունների պատճառ դառնալ, առաջացնել ավելի լուրջ խնդիրներ, քան երբեմն թերքանակը:

Եվ այսպես, կալցիումը ամենակարևոր միներալներից է, որը կարող ենք ստանալ կաթնամթերքից, յոգուրտից, պանրից, ձկից, ձկան` հիմնականում կերակրման մեջ օգտագործվող ոսկրերից: Այն նաև որոշակի կանաչ բանջարեղեններից է մեզ հասանելի:

Կալցիումն օգնում է առողջ ոսկրեր և ատամներ ունենալուն, կարևոր է օրգանիզմում բոլոր տեսակի նյարդամկանային գործընթացների համար: Երկաթն առկա է մսում` հիմնականում կարմիր, լյարդում, հավում, ծովամթերքում, չորացրած լոբազգիներում, դեղնուցում:

Երկաթը կարևորվում է գլխուղեղի ֆունկցիայի ապահովման և էրիթրոցիտների (արյան կարմիր գնդիկներ) արտադրության տեսակետից:

Առանց երկաթի էրիթրոցիտները նորմալ չեն ձևավորվում, ունենում ենք անեմիկ վիճակ, որը բնորոշ է բացառապես կրծքով կերակրվող երեխաներին, որոնց ժամանակին չեն ավելացրել հավելյալ սնունդ: Այստեղ խոսքը գլխուղեղի և ոչ միայն գլխուղեղի հիպոքսիայի մասին է:

Կարևոր միկրոէլեմենտ է ցինկը, որը ստանում ենք մսից, հավից, ծովամթերքից, կաթից: Օգնում է երեխաների նորմալ աճին, ապահովում է արագ լավացում վերքերից, նպաստում է իմունային համակարգի ֆունկցիային:

Վտանգներ

Առավել հաճախ հանդիպում է վիտամին D-ի դիֆիցիտը, որը կարող է հանգեցնել ռախիտի և ոսկրային հիվանդության զարգացման և վիտամին B 12-ի դիֆիցիտը, որը կարող է բերել տարատեսակ անեմիաների զարգացմանը:

Այն ընտանիքները, որոնք բուսական դիետաների են անցնում, դժվարություն են ունենում B 12 ստանալու հետ կապված, նրանք հավելյալ տարատեսակ հաբերի, վիտամինամիներալային կոմպլեքսների կարիք ունեն:

Միներալների անբավարարությունից առավել հաճախ հանդիպում է կալցիումի պակասը, որը կարող է բերել ռախիտի զարգացմանը, օստիոպենիայի, օստեոպարոզի՝ կախված տարիքից, կարող է բերել խպիպի զարգացմանը, նաև հասցնել ինտելեկտուալ խանգարումների:

Երկաթի անբավարար քանակը կարող է բերել անեմիաների զարգացմանը, ինչը կհանգեցնի երեխաների մոտ բոլոր օրգան համակարգերի հիպօքսիայի:

Հիմնականում ցածր երկաթ լինում է այն երեխաների մոտ, որոնք վեգան դիետաներով են սնվում, քիչ քանակությամբ սնունդ են ընդունում, միս չեն ուտում, ունեն ցելյակ հիվանդություն կամ գաստրոէնտեսցինալ արյան կորուստ: Երկաթի նվազում կարող է նկատվել սեռահասունացման տարիքում գտնվող աղջիկների մոտ և ընդհանրապես դեռահաս աղջիկների շրջանում, որոնք ունեն շատ ինտենսիվ դաշտան, ունենում են արյան կորուստ, որի հետևանքով ևս երկաթի դիֆիցիտ է առաջանում: Ցինկի պակասը կարող է բերել աճի զարգացման դանդաղմանը:

Վիտամինային և միներալային անբավարարության ռիսկի խմբում են այն երեխաները, որոնց վեգան դիետաներ են պահում` կապված կամ ընտանիքի նախասիրություններից կամ տարատեսակ ալերգիաներից տարբեր սպիտակուցների կամ սննդատեսակների նկատմամբ և նրանց օրգանիզմում կարող է մշտապես լինել կալցիումի, յոդի, երկաթի պակաս:

Ռիսկի խմբում են նաև քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաները, որոնք ունեն խնդիր ներծծման հետ: Եթե կասկածներ ունեք, որ երեխան ունի որոշակի միկրոէլեմենտի պակաս կամ որոշակի խնդիրներ, ապա առավել գրագետ է, որպեսզի երեխայի առողջությունը վստահեք բժշկին: Ցուցանիշները համադրելով կլինիկական պատկերի հետ՝ հստակ ախտորոշման դեպքում է միայն հնարավոր նշանակել բուժում: Եղեք առողջ, սնվեք ճիշտ:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել