Շշիկային կարիեսը առաջանում է վաղ մանկական հասակի՝ 1-3 տարեկան երեխաների մոտ, հիմնականում գիշերները կրծքով անկանոն կերակրման և կաթնային խառնուրդը շշով խմելու հետևանքով:
Այս տեսակի կարիեսի տարածվածությունը կազմում է մոտ 90%: Քաղցրը (լակտոզա) հանդիսանում է սննդային միջավայր բազմազան մանրէների (Streptoccocus mutans) համար, որոնք բազմանալով արտադրում են օրգանական թթուներ և քայքայում են ատամի էմալը և դենտինը:
Թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի բժիշկ-ստոմատոլոգ Նարե Ծատուրյանի խոսքով՝ վաղ մանկական կարիեսը զարգանում է սրընթաց` ամբողջովին քայքայելով ատամի կարծր հյուսվածքները: Թքի PH-ը վերականգնվում է քաղցր ուտելուց 45 րոպե հետո, որը չլրանալու դեպքում սկսվում է էմալի դեմիներալիզացիան: Կարևորագույն նշանակություն ունի թքի քանակը և որակը:
Այն ունի բակտերիցիդ հատկություն և կատարում է ինքնամաքրում ՝ լացելու, ծամելու և խոսելու ընթացքում: Քնած ժամանակ թքարտադրությունը խիստ նվազում է և գիշերային ժամերին հաճախակի կերակրումը նպաստում է վաղ մանկական կարիեսի առաջացմանը: Սկզբում ախտահարվում են վերին կենտրոնական կտրիչները, այնուհետև վերին ծնոտի ծամիչները:
Բժիշկ-ստոմատոլոգի հավելմամբ՝ հաճախ ծնողները կարևորություն չեն տալիս մայրական կաթի և արհեստական կերերի քաղցր լինելուն: Արդյունքում անկանոն կերակրելով երեխային՝ նպաստում են վաղ մանկական կարիեսի առաջացմանը:
Նա հորդորում է ծնողներին առավել ուշադիր լինել, ժամանակին նկատել էմալի գույնի փոփոխությունները, դիմել մանկական ստոմատոլոգի՝ կանխարգելելով շշիկային կարիեսի առաջացումը կամ ապահովել ատամների վաղ բուժումը:




