Շատ հաճախ մանկաբույժի հերթական այցելությունից հետո պարզվում է, որ երեխայի սրտում աղմուկ կա։ Այդ լուրը առաջացնում է տագնապ ծնողների շրջանում, սակայն միշտ չէ, որ աղմուկը անհանգստանալու առիթ է։ Երեխայի սրտի շրջանում լսված աղմուկը մանկական սրտաբանին դիմելու ամենատարածված պատճառներից մեկն է։
Ախտորոշիչ կենտրոնի սրտաբան-էխոկարդիոգրաֆիստ Հասմիկ Եղիազարյանի խոսքով՝ տարբերվում են սրտի ֆունկցիոնալ (անմեղ) և օրգանական (պաթոլոգիական) աղմուկներ։
Կարևոր է ուշադրություն դարձնել աղմուկի բնույթին, տեմբրին և տևողությանը:
Ֆունկցիոնալ աղմուկը կապված չէ սրտի կառուցվածքային խնդիրների հետ և հանդիսանում է երեխաների սիրտ-անոթային համակարգի ֆիզիոլոգիական առանձնահատկությունը։ Դրանք նուրբ են, դզզացող բնույթի, տևողությունը՝ կարճ, փոփոխվում են կախված մարմնի դիրքից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հաճախ թուլանում են, անհետանում:
Օրգանական կամ պաթոլոգիական աղմուկները կարող են լինել բնածին (կապված սրտի բնածին արատների հետ) և ձեռքբերովի (պայմանավորված տարբեր հիվանդությունների հետևանքով սրտի փականների ախտահարմամբ)։
Պաթոլոգիական աղմուկները կոպիտ են, կոշտ, տևողությունը՝ երկար, մարմնի դիրքից կախված չեն փոփոխվում, ուժեղանում են ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:
Պաթոլոգիական աղմուկների ժամանակ կարող են լինել մի շարք գանգատներ.
- թուլություն, հոգնածություն, ցածր ֆիզիկական ակտիվություն
- առատ քրտնարտադրություն
- ցիանոզ
- մարմնի քաշի նվազում, աճի դանդաղում, ախորժակի անկում
Երբեմն նման գանգատների առկայության դեպքում սրտում աղմուկ չի լսվում, բայց դա չի բացառում արատի առկայությունը։
Մասնագետի հավելմամբ՝ սրտային աղմուկների վերջնական պատճառը ախտորոշվում է էխոկարդիոգրաֆիայի միջոցով։

